Վարդուհի Սարգսյանի քիմիաթերապիայի սկիզբը համընկավ իր ծննդյան օրվա հետ

Վարդուհի Սարգսյանի քիմիաթերապիայի սկիզբը համընկավ իր ծննդյան օրվա հետ

Քաղցկեղը վերապրած ամեն մարդու պատմություն յուրովի հուզիչ է: Ամեն անգամ, երբ նրանք պատմում են այն քարքարոտ ճանապարհը, որով ստիպված են եղել անցնել՝ սիրտդ ավելի արագ է բաբախում և կարծես վերապրում ես իրենց հետ, բայց միևնույն ժամանակ հպարտության անսահման զգացողությունն է խոսում քո մեջ, որ մեր երկրում նման քաջ մարդիկ կան, ովքեր երբևէ չեն վհատվում:

Վարդուհի Սարգսյանը այն երջանիկ մարդկանցից է, ով վերապրեց «Քաղցկեղ» կոչվող չարիքը և կիսվում է իր պատմությամբ քեզ հետ՝ սիրելի ընթերցող, որպեսզի Դու էլ զգաս, որ միակը չես, ով այժմ պայքարում է:

- Հիվանդացել էի: Պոլիկլինիկայում պարզեցինք, որ վիրուս էր, բայց ապաքինվեցի: Որոշ ժամանակ անց, վզիս հատվածում շոշափեցի տարօրինակ գոյացություն: Գնդաձև էր: Անմիջապես անհանգստացա և ամենավատ մտքերը այցելեցին ինձ: Խառնվեցի իրար: Այցելեցի նույն պոլիկնինիկան և այնտեղ ինձ հուսադրեցին՝ պարզաբանելով, որ վիրուսից հետո նորմալ է: Ասեցին, որ լիմֆատիկ համակարգի ռեակցիան է:

Անհանգստության զգացողությունն ու տագնապը ինձ չէին լքում: Ընթերցում էի տարբեր հոդվածներ, ուսումնասիրում էի կայքերը: Հոդվածներում նկարագրված նախանշանները համընկնում էին: Գոյացությունը կոշտ էր և չէր շարժվում: Ուլտրաձայնային հետազոտություն անցնելիս՝ լսում էի բժիշկների քննարկումները: Նրանք կարծում էին տարօրինակ գոյացություն էր դա:

Կայքերը տարբեր էին: Սկզբում ման էի գալիս լիմֆատիկ հանգույցներ, հետո սկսեցի քաղցկեղի մասին տեղեկատվություն փնտրել:

Հոջկինի լիմֆոմա դիագնոզը անմիջապես չստացա: Երկար ուսումնասիրեցին, տարբեր տեսակի անալիզներ հանձնեցի: Վերջում ասեցին , որ պետք է բիոպսիա անեն:

Իհարկե, մտածում էի հերքելու են, բայց բախտս չբերեց: Հարազատներս և ծանոթներս ասում էին, որ քաղցկեղի տեսակների մեջ վերջինս առավել հեշտ է բուժվում և շատ էին ինձ հուսադրում:

Ընկճվածություն շատ չէի զգում, որովհետև անմիջապես տեղեկատվություն ընթերցեցի, վիճակագրությունը ուսումնասիրեցի: Հոգեբանորեն, իհարկե, միշտ դժվար է, բայց ամեն դեպքում ես շատ դրական էի տրամադրված:

Մայրս ամենշատն էր տանջվում, որովհետև ուներ ծանոթ, ով մահացել էր, և ես չէի թույլ տալիս նրան ընթերցել տեղեկատվություն: Կարելի է ասել, ես էի քաջալերում նրան ավելի շատ: Վիաճակագրությունը որոշեցի ցույց տալ նրան, որպեսզի համոզվի, որ չարորակ հիվանդությունների շարքում՝ իմ հիվանդությունն ամենաշատ հնարավորություններն ունի բուժեվլու: Սկսեց դրական տրամադրվել:

Մտերիմներս ու ծանոթներս միշտ կանգնած էին իմ կողքին: Աջակցությունն անչափ մեծ էր, որը կարևորում եմ: Միանշանակ պետք է կիսվել: Մեր շրջապատն այնքան մեծ է, որ չենք կարող հիշել, ով կարող է մեզ աջակցել: Երբեք չգիտես՝ օգնությունը որ կողմից կլինի: Բոլորն էլ ունեն նույնատիպ պատմություններ: Նույնիսկ մարդիկ, ում այնքան էլ մոտ չես համարում քեզ՝ պարզապես ծանոթներ եք, նույնպես մեկ մարդու նման կանգնած էին իմ կողքին: Այդ հանգամանքը ուժ է տալիս: Քիմիաթերապիան սկսել ենք Հուլիսի 21-ին: Շատ լավ եմ հիշում այդ օրը, որովհետև ծննդյանս օրն էր: Նոյեմբեր ամսին մեկնեցի Գերմանիա և ավարտեցինք բուժումը դեկտեմբեր ամսին:

Երբ ինձ հարցնում են որտեղ է պետք անցնել քիմիաթերապիա, ես միանշանակ խորհուրդ եմ տալիս Մուրացան Համալսարանական Հիվանդանոցի Քիմիաթերապիայի կլինիկան: Ես այստեղ եմ անցել իմ բուժումը: Ինձ շատ բժիշկներ էին խորհուրդ տվել: Բոլորի հետ հանդիպեցի հերթով, համեմատեցի, որովհետև շատ բծախնդիր եմ: Բոլոր բժիշկներից ընտրեցի ուռուցքաբան-արյունաբան՝ Գևորգ Թամամյանին: Երիտասարդ բժիշկները անչափ կրթված են ու բանիմաց: Միանշանակ կարող եք վստահել նրանց: Շնորհակալ եմ իմ բժշկին, որ արդարացրեց իմ բոլոր սպասելիքները:

Ցանկանում եմ ասել, որ անկախ հանգամանքներից միշտ պետք է հավատալ: Քաղցկեղը դատավճիռ չէր ինձ համար և Ձեզ համար էլ չի լինի: Հավատացե՛ք…

Հարցազրույցը վարեց Գալինա Ստեփանյանը: