Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը հեշտ հանձնվողներից չէր և իր կյանքում հրաշք եղավ, իսկ դուք

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը հեշտ հանձնվողներից չէր և իր կյանքում հրաշք եղավ, իսկ դուք

Ասում են, երբ քմահաճ կյանքը իր դժվարություններով և խոչընդոտներով թակում է քո տան դուռը՝  նրան չի հետաքրքրում՝ հայտնի ես դու, թե սիրված, աղքատ ես, թե հարուստ, նա ո՛չ սեռ է հարցնում, ո՛չ տարիք: Լուսինե Բադալյանը հեռուստադիտողներին քաջ հայտնի է իր գեղեցիկ ժպիտով, իսկ ռադիոունկնդիրներին՝ հաճելի ու անչափ ջերմ ձայնով:  Երբ քաղցկեղը թակեց իր տան դուռը վերջինս՝  ինչպես և մեզանից շատերը, չէր սպասում և չէր էլ կարող պատկերացնել, որ իր ամուսինու մոտ կարող է այդ տեսակի ուռուցք հայտնաբերվել:

Ձեզ ենք ներկայացնում մի կյանքի պատմություն: Մի հրաշք, որը տեղի ունեցավ Լուսինեի և իր ամուսնու կյանքում, որն հանգեցրեց ֆոնդի ստեղծման գաղափարին: Եվ, որը՝ սիրելի ընթերցող, հույսով կլցնի ձեր սրտերը, անգամ, եթե այս պահին կյանքի և մահվան կռիվ եք տալիս:

- Մեր վիրահատությունը աշխարհի մասշտաբով յուրահատուկ էր: Էմբրիոնալ կարցինոմա ուներ ամուսինս, բայց շատ յուրահատուկ տեղում: Ուռուցքը կրծքում էր առաջացել: Այն վիրահատել չէր լինում, քանի որ աորտային է կպած: Մեր բժիշկը արեց անհնարինը: Եվ փրկեց ամուսնուս: Սովորաբար մասնակի վիրահատություն են անում, հետո փորձում են զսպել դեղամիջոցներով… Կարծում եմ Աստծո մատը խառն էր։

Երբ իմացանք ուռուցքի մասին, ամուսնուս հետ մեկնեցինք բուժումը Գերմանիայում ստանալու և այնտեղ զգացի, որ հայերի մենթալիտետը մեծ դեր է խաղում այս պարագայում: Այնտեղ բոլորը շատ ավելի դրական և թեթև էին արձագանքում, ավելի հույսով և հավատքով էին լցված: Օրինակ, եթե  իրենք գիտեին, որ 2 տարի ունեն ապրելու՝ փորձում էին դրական կողմից մոտենալ  և ուրախ էին, որ անգամ գիտեն իրենց կյանքի տևողության ստույգ երկարությունը, որովհետև կարող էին հստակ պլանավորել և իրագործել բոլոր կիսատ ծրագրերը, վայելել կյանքը:

Մոտեցումները տարբեր են: Նույնիսկ, երբ գիտես, որ քեզ երկու տարի ժամանակ է մնացել, երբեք չես կարող իմանալ, թե ինչ հրաշք կարող է պատահել քեզ հետ, քանի որ քիչ չեն նմանատիպ դեպքերը: Մենք՝ հայերս, անմիջապես վատ ենք տրամադրվում: Մեզ մոտ հոգեբանորեն ճնշվում են մարդիկ: Այս դաշտը կարգավորման կարիք ունի:

Եթե քաղցկեղը այցի է եկել այդ մարդուն, մենք կարծես թե ջնջում ենք նրան մեր կյանքից և սա լուրջ խնդիր է: Պետք է փոխվի այս կարծրատիպը, եթե մենք կարողանանք այն փոխել՝ թերևս շատ ու շատ խնդիրների լուծման տարբերակներ կգտնենք:

Հայաստանում մեզ ասեցին, որ այլևս հույս չկա և մենք մեկնեցինք Գերմանիա: Բայց ես հեշտ հանձնվողներից չեմ և կարծում եմ, որ պետք է պայքարել մինչև վերջ:

- Ֆոնդի պատմությունը երկար է ու հետաքրքիր: Միշտ մասնակցել ենք տարբեր տեսակի բարեգործական ակցիաների, արյուն ենք հանձնել մեր կոլեկտիվով տարիներ շարունակ, համերգներ ենք կազմակերպել: Բայց, երբ ես անձամբ ունեցա նմանատիպ խնդիր, ես զգացի, թե որքան դժվար է այն բոլոր մարդկանց համար, ովքեր ունեն այս հիվանդությունը: Անչափ դժվար է այն  մարդկանց համար, ովքեր կանգնած են իրենց կողքին՝ հարազատներ, բարեկամներ, ծնողներ… Մեկ բան է, երբ դու գիտես այդ ամենի մասին, լսել ես և կրկնակի դժվար է, երբ ինքդ ես անցնում այդ ամենի միջով: Հայաստանում առավել ծանր է այդ հիվանդության մասին իմանալը, քանի որ դու անմիջապես երկու ուղղությամբ ես սկսում մտածել՝ ինչպե՞ս հաղթահարել և որտեղից գտնել գումար բուժման համար:

Պարզ հասկանում ես, որ եթե ունես գումար՝ կփրկես հարազատիդ, եթե ոչ՝ հույսդ միայն ճակատագիրն է և Աստված: Եվ Աստված մի՛ արասցե, եթե քո գումար չգտնելու պատճառով հարազատ մարդը հրաժեշտ տա կյանքին, դա նշանակում է, որ դու ամբողջ կյանքում քո մեջ պետք է կրես այդ բեռը, որ գուցե ես ինչ-որ բան կարող էիր անել:

Մոտիվացիան և հույսը անչափ կարևոր են, երբ դու ունենում ես օրինակներ, որ մարդիկ բուժվել են, դա քեզ ուժ է տալիս: Հիշելով բոլոր այդ հրաշք օրինակները՝ ստիպեցի ամուսնուս կապ հաստատել վերապրածների հետ, որպեսզի տեղեկատվություն ստանանք: Հոգեբանական աջակցությունը  այդ պահին անչափ կարևոր էր մեզ համար:

Եթե տուն ես գրավ դնում և ավտոմեքենա, դու ունես այդ ամենը, բայց շատ են այն մարդիկ, ովքեր ունեն մեծ ֆինանսական խնդիրներ, այս դեպքում իրենց սատար կարող են կանգնել մտերիմները և ծանոթները:  Մեր կողքին շատ պատրաստակամ մարդիկ կային, որ կանգնեցին մեր թիկունքին: Հոգեբանորեն շատ դժվար է օգնություն խնդրելը:

Ես երկար եմ մտածել, թե ինչպես օգնենք այն բոլոր մարդկանց, ովքեր ունեն այս խնդիրը: Մտածում էի, ինչպես օգնենք նրանց առանց այդ պահին դրամահավաք կազմակերպելու: Մի ֆոնդ, որը կունենար իր սեփական միջոցները, այս խնդրին լուծում կտար: Երբ եկանք Հայաստան, որոշում ընդունվեց իրականություն դարձնել ֆոնդի ստեղծման գաղափարը:

Ռադիոյում բոլոր ընկերներս եկան տեղեկանալու ամուսնուս վիճակի մասին և  հենց էդ ժամանակ քննարկեցինք ֆոնդի միտքը: Ես ուզում էի նվիրել ինձ  մարդկանց կյանքերը փրկելուն այն հրաշքից հետո, որ տեղի ունեցավ մեր կյանքում: Բայց դժվար է, երբ ձեռքդ տանում ես գրպանդ և չկա գումար: Դժվար է մերժել օգնություն խնդրողին:

Երբ վերջնականապես եկանք Հայաստան, մեր ֆոնդի ներկայիս նախագահ՝ Տիգրանը Բալոյանը , ինձ ասեց, որ ունի գաղափարի  մեխանիզմի հստակ  պատկերացումը, թե ինչպես կազմակերպել այդ գործընթացը:  Աննշան գումարն էլ կարող է կյանք փրկել:  Բանկերը հատուկ ծրագիր ստեղծեցին, հետո փորձարկեցինք, որպեսզի լինի գումարի օնլայն փոխանցման տարբերակ: Անչափ հեշտացրեցինք այս գործընթացը: Ֆոնդը դարձավ իրականություն: Դեռ չեմ կարող ասել, որ էն բոլոր նպատակները և ցանկությունները , որոնք ունի ֆոնդը լիովին իրականացվում են, որովհետև այնքան էլ մեծ գումարներ չեն հավաքվում, բայց մենք լավատես ենք այս հարցում: Հարյուր դրամը մեծ գումար չէ և ամեն մարդ կարող է փոխանցել լավ գործի համար:

Հայաստանի բոլոր ֆոնդերը համագործակցում են: Սա մի հիանալի միջավայր է, քանի որ բոլորս էլ նույն գաղափարի շուրջ ենք համախմբվել:

Դու պետք է հասկանաս, որ չպետք է վախենալ: Դու սպասում ես, որ քեզ լավ լուր պետք է ասեն, բայց ամեն անգամ ավելի վատ լուրերով են այցելում: Հանձնվել չի կարելի:  Ես ամբողջ գիշեր կարդում էի: Եթե հիվանդի մտերիմներից ես , դու իրավունք չունես ազատություն տալ քո Էմոցիաներին: Գոռալը, լաց լինելը չի փրկի: Միայն սատար պետք է կանգնես: Հայացքդ մատնում է քեզ, դու անկեղծորեն պետք է հավատաս, որ հարազատդ փրկվելու է: Հետևաբար պետք է հավատաս: Հրաշքներ լինում են: Մեզ հետ պատահեց: Հավատացե՛ք… Այս կյանքում ավելի սարսափելի բաներ կան: Չվախենա՛ք:

Հարցազրույցը վարեց ՝ Գալինա Ստեփանյանը: