Որդու հաղթանակից հետո, Անահիտն օգնում է ուրիշներին հաղթել

Որդու հաղթանակից հետո, Անահիտն օգնում է ուրիշներին հաղթել

Այս չափազանց կանացի և բարի աչքերով կնոջը շատ բալիկներ քնքշորեն դիմում են ՝ «Նանա Քուրիկ»: Եվ, իրոք, նա շատերի համար ուղղակի «Bridge of Health Armenia»-ի հիմնադիր տնօրենը չէ՝ նա քույր է և հարազատ մարդ, ով աջակցում է, սատար կանգնում:

Անահիտ Բարսեղյանը այն հազվադեպ հանդիպող մարդկանցից է, ով խոսքեր չի շռայլում, այլ գործում է: Անչափ հուզիչ էր իմ հարցազրույցը վերջինիս հետ, քանի որ նա կսիվում էր իր անձնական փորձով: Անգամ կարող եմ «Հարցազրույց» բառը փոխարինել «Մտերմիկ զրույց» արտահայտությամբ:

Այդ օրը` Երևանի սրճարաններից մեկում, կարող էիք ականատես լինել, թե ինչպես են զրուցում երկու հասուն մարդիկ և, միևնույն ժամանակ, այտերից մաքրում արցունքները: Արցունքներ, որոնք իրենց հետքն են թողել այս նուրբ կնոջ սրտի վրա. նա այն քիչ մարդկանցից մեկն է,ով աշխատելով այս ոլորտում, փորձել է օգնել շատերին, բայց, արի՛ ու տե՛ս, որ կյանքը լի է չար անակնկալներով և, հաճախ, մենք ենք ստիպված անցնում նույն ճանապարհով, որը անցնելու համար փորձել ենք օգնել ուրիշներին:

Սա՝ իր կյանքում քաղցկեղի դեմ պայքարած ու հաղթանակած, ուժեղ մարդու պատմություն է: Սա Անահիտ Բարսեղյանի պատմությունն է:

- Մի փոքր պատմե՛ք Ձեր հիմնադրամից:

- Հիմնադրամը սկսել է իր աշխատանքը 4 տարի առաջ, նպատակն է օգնել քաղցկեղով հիվանդ երեխաներին Հայաստանում և այդ օգնությունը իր մեջ ներառում է շատ գործոններ՝ դեղորայքի գնում, արյան դոնորների փնտրտուք, հոգեբանական աշխատանք: Այս ամենը սկսվեց նրանից, երբ ես ինքս անցա այդ նույն խնդրի միջով,- մի փոքր դադար տալուց հետո շարունակեց Անահիտը: Տղայիս մոտ հայտնաբերվեց երիկամի քաղցկեղ՝ նեֆրոբլաստոմա:

Սկզբում բուժում ստացավ Հայաստանում, այնուհետ Ամերիկայի Միացյալ Նահանգներում և, երբ վերադարձանք, որոշում կայացվեց բացել հիմնադրամ և կիսվել անցած ճանապարհով մարդկանց հետ, ովքեր գտնվում են այդ իրավիճակում: Մասնագիտությամբ լինելով սոցիալական աշխատող, երկար տարիներ աշխատելով երեխաների հետ հիվանդանոցում՝ ես քաջատեղյակ էի այն ճանապարհից, որ պետք էր անցնել, ունենալով բժիշկների հետ աշխատելու մեծ փորձ, լինելով ծնող՝ ինձ համար այդ գործընթացը մեծ խնդիրներ չառաջացրեց, քանի որ գիտեի ինչպես էր պետք անցնել այդ ճանապարհը և կազմակերպել ճիշտ աշխատանքի ընթացքը:

Բժշկի կատարած գործը, իհարկե, մեծ նշանակություն ունի և հիմնական դեր է խաղում: Մեր երկրում շատ դժվար է բժիշկների համար առանց աջակցության՝ թե՛ պատասխանատվության առումով, թե՛ հնարավորությունների առումով, որովհետև աղքատ երկրում ենք ապրում և մարդիկ էլ են աղքատ, իսկ բուժման գումարները անչափ մեծ են: Եվ, ինչպես գիտեք, բուժումը չի տևում մեկ ամիս, բուժումը՝ երկարատև է: Դա շատ երկար ու ծանր ճանապարհ է, որը պետք է հաղթահարել: Իսկ ծնողը, ով հոգեբանորեն ծանր վիճակում է, որովհետև իր երեխան հիվանդ է, նաև ունի ֆինանսական և այլ տարբեր անլուծելի խնդիրներ: Այս դեպքում անչափ կարևորում եմ,որ ծնողը չկոտրվի, որովհետև իր հիվանդ բալիկը ոչ մեկ չունի իր կողքին և ունի իր ծնողի կարիքը: Վերջինս պետք է ուժեղ լինի, որովհետև օրինակ է ծառայում իր երեխայի համար: Երեխան նայում է ծնողի հուզական վարքին և ՝տեսնելով այդ էմոցիաները, բացասական և սթրեսային մթնոլորտը, ինքը ևս վարակվում է այդ տրամադրվածությամբ:

Երեխայի տրամադրվածությունը կարևոր է այս հարցում: Եթե նա դրական է տրամադրված՝ շատ դեպքերում հաղթող է դուրս գալիս և, եթե նա պատրաստ է պայքարելու՝ ոչ մեկ իրավունք չունի հանձնվել:

Ես անձամբ աշխատում եմ չընկնել էմոցիաների թիրախը, փորձում եմ ավելի գործնական մոտենալ հարցին, քանի որ պետք է կարողանամ պրոդուկտիվ կերպով աջակցել ծնողներին:

Քանի որ ինքս էլ անցել եմ այդ ճանապարհով, կարողանում եմ օգնել իրենց, կիսվել փորձով։ Իհարկե, կան շատ մարդիկ, ովքեր կփորձեն տվյալ պարագայում լավ խոսքեր ասել, աջակցել, ինչ որ տեղ սփոփել՝ կիսելով խնդրի ծանրությունը, բայց կարող եմ ասել, որ ծնողի համար անչափ մեծ դեր ունի այն մարդը, ով անցել է այս ճանապարհով, և իրենք ինձ նայում եմ, որպես հարազատի,այլ ոչ թե պարզապես մարդու, ով աշխատում է այս ոլորտում:

- Ինչպե՞ս են դիմում Ձեզ և գտնում:

- Գիտե՛ք, առաջ ես էի գնում հիվանդանոցներ և փորձում աջակցել կամ առաջարկել իմ օգնությունը: Իսկ ժամանակի ընթացքում, երբ մեր ֆոնդը վստահություն ձեռք բերեց և ապացուցեց գործով, և ոչ թե պարզապես գրավոր կամ բանավոր խոսքերով՝ բժիշկներն իրենք սկսեցին ինձ ներգրավել իրենց աշխատանքում:

Կարող եմ նշել, որ վերջին տարիներին հատկապես դինամիկա եմ տեսնում երիտասարդ օնկոլոգների ասպարեզում: Իրենք ձգտում են զարգացնել իրենց գիտելիքները: Մեկնում են տարբեր վերապատրաստումների արտասահման, նորամուծություններ են ներմուծում իրենց աշխատանքի մեջ: Դրական եմ վերաբերվում այդ բժիշկներին, քանի որ շատ արագ կերպով է բժշկությունը առաջընթաց գրանցում, իսկ վերջիններս ամեն ջանք կիրառում են, որպեսզի ետ չմնան՝ աշխարհի հետ քայլեն համընթաց:

- Արդյո՞ք հիմնադրամները համագործակցում են:

- Իհարկե, սա այն ոլորտն է,որտեղ չկա մրցակցություն, մենք աջակցում ենք իրար, փորձում ամեն կերպ սատար կանգնել միմյանց:

- Ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողին:

- Մի՛ մատնվեք խուճապի: Չկա ընտանիք, որտեղ չլինի հիվանդ մարդ: Բոլորն էլ հիվանդանում են և բուժվում, փորձե՛ք առավել թեթև նայել խնդրին, քանի որ այդ հիվանդությունը բուժվում է: Անմիջապես դիմե՛ք բժշկին: Հաճախ հետազոտվե՛ք: Մի հուսահատվե՛ք: Ժպտացե՛ք. Ժպիտը հրաշքներ է գործում։

Անահիտ Բարսեղյանն՝ իր հիմնադրամի հետ միասին, անկախ ամեն ինչից, շարունակում է օգնել և աջակցել այն մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Կցանկանայինք, որպեսզի Դուք էլ ընթերցելով վարակվեք այս բարի մարդու անսպառ էներգիայով և պոզիտիվ աուրայով:

Հաղթե՛նք միասին, - սա է Անահիտի կյանքի կարգախոսը, սա է իր հիմնադրամի՝ «Bridge of Health Armenia» -ի կարգախոսը :

- Միայն միասին պայքարելու դեպքում կարող ենք հաղթել, - ժպտալով եզրափակեց իր խոսքը:

Հարցազրույցը վարեց Գալինա Ստեփանյանը