Առաքելը, նայելով քաղցկեղի աչքերին, երբեք չի վհատվել

Առաքելը, նայելով քաղցկեղի աչքերին, երբեք չի վհատվել

Առաքել Սեմերջյանն այն մարդկանցից է, ով լավ գիտի, թե ինչ է քաղցկեղը, քանի որ իր հայրն անցել է այդ խրթին ճանապարհով, բայց նա նաև այն եզակի մարդկանցից է, ով, նայելով քաղցկեղի աչքերին, երբեք չի վհատվել, քանի որ գիտեր՝ իր հայրը հաղթելու է այդ պայքարում:

- Երբ իմացանք , որ հայրս քաղցկեղ ունի իրեն ասեցի, - Դու ոչ մի «շանս» չունես մահանալու:

- «Քաղցկեղ» ախտորոշումը լսելիս հիվանդների 2 հիմնախնդիրի առջև են կանգնում՝ այն զգացողությունը, որ դու մահվան և կյանքի խաչմերուկում ես գտնվում և ինչպես ես հայթայթելու բուժմանդ համար անհրաժեշտ գումարները:

Լինում են դեպքեր, երբ հիվանդից թաքցնում են իր ախտորոշումը՝ վախենալով, որ վերջինս կվհատվի, բայց ես կարծում եմ, որ միշտ անհրաժեշտ է մարդուն տեղեկացնել, քանի որ վերջինս ունի բոլոր իրավունքները տնօրինել իր կյանքի, միգուցե և վերջին, ամիսներն այնպես, ինչպես ինքը կցանկանար կամ, միգուցե, տեղյակ լինելով իր հիվանդության մասին նա կկարողանա հոգեբանորեն այնպես տրամադրվել, որ կհաղթահարի իր առջև ծառացած այդ խնդիրը: Ամեն դեպքում, միշտ էլ ճիշտ է մարդկանց պատմել ճշմարտությունը:

Լինում են դեպքեր, երբ մարդիկ այնքան մեծ հնարավորություններ են ունենում, որ կարողանում են հիվանդին արտասահմանում բուժման ուղարկել, բայց կարող եմ վստահորեն ասել, որ, միևնույնն է, հայրենիքում ստացած բուժումը ուրիշ է, քանի որ կա մի հանգամանք, որ երբեք չի կարելի անտեսել բուժման ընթացքում, դա հարազատների, ծանոթների աջակցությունն է, որ դու չես կարող ստանալ ոչ մի տեղ, քանի որ հոգատար և կոմպետենտ բժիշկներ կան ամենուր, դեղամիջոցները և պրոտոկոլները նույնն են ամբողջ աշխարհում, ուր էլ որ լինես... բայց քո հարազատ, կարեկից մարդիկ միայն քո հայրենիքում են:

Հաճախ մարդիկ՝ ավելի շատ մեծահասակները, երբ իմանում են իրենց հիվանդության մասին, լռում են, հավանաբար մտածելով իրենց երեխաների հոգեբանական և ֆինանսական իրավիճակի մասին: Այս լռությունը կյանքի գին ունի, կյանք, որից իրենք իրենց զրկում են կամովի՝ չհասկանալով, որ այդպես առավել մեծ ցավ են պատճառում հարազատ մարդկանց:

Գնահատում եմ մեր երտասարդ բժիշկներին, նրանք ակտիվ են, եռանդուն , բանիմաց, և պայքարում են ամեն կյանքի համար: Կուզենայի հատկապես առանձնացնել բժշկուհի Լիանա Սաֆարյանին, նա իմ ընկերը դարձավ կարճ ժամանակում, քանի որ ցույց տվեց, որ ազնիվ է իր աշխատանքի նկատմամբ և անչափ խելացի բժիշկ է:

Իմ խորհուրդն է բոլոր քաղցկեղով հիվանդներին՝ փորձե՛ք դրական տրամադրվել, փորձե՛ք չվհատվել, ինչ էլ որ լինի, ինչ դժվարություն էլ որ ունենաք, թեթև և դրական տրամադրվեք կյանքի հանդեպ: