Էդգարը հաղթահարել է քաղցկեղը և երազում է իրավաբան դառնալ

Էդգարը հաղթահարել է քաղցկեղը և երազում է իրավաբան դառնալ

Առաջին անգամ դպրոցում շատ վատ զգացի, գրեթե ուշաթափվում էի: 2014թ. սեպտեմբերին, երբ այցելեցինք բժշկի, ասեցին, որ հավանաբար սննդից է, ոչ մի խնդիր չկա: 2015 թվականի փետրվար ամիսն էր, կրկին թույլ զգացի ինձ: Սկսվեցին գլխապտույտներս, սրտխառնոց եւ ընդհանուր թուլություն:

Քիմիաթերապիա ստանալու համար եկանք Մուրացանի հիվանդանոց: Այստեղ ծանոթացանք բժիշկ Սամվել Դանիելյանի եւ բժշկուհի Լիլիթ Սարգսյանի հետ:

Սկզբում շատ էի նեղվում: Հետագայում հասկացա, որ չի կարելի նեղվել, վհատվել, որովհետեւ գիտես, որ հաստատ առողջ ես լինելու... ճիշտ է՜, երկար է տեւում բուժումը, բայց հիմա առողջ եմ, դա շատ է հուսադրում:

Ամենաշատը նեղվում էի պառկելուց:

Էստեղ ընկեր ունեմ: Շահբազյան Տիգրանը բուժվեց մարտ ամսին, իսկ ես հունիսին: Գրեթե մեկ տարի դպրոց չէի հաճախում, ուսումը ստանում էի տնային պայմաններում: Դասերիցս ետ չմնալու համար ուսուցիչներն ինձ տանն էին այցելում:

Ես բուժվել եմ հիմա, ուզում եմ շարունակել ուսումս դպրոցում, հետո երազում եմ դառնալ իրավաբան, ուզում եմ իմ երազանքները կատարվեն: Ձեզ էլ եմ նույնը մաղթում:

Էդգարի մայրը՝ Սուքիասյան Ռուզաննան ևս կիսվեց մեզ հետ իր ապրումներով:

Սկզբում շատ-շատ դժվար էր ինձ համար, չէի կարողանում տիրապետել ինձ: Երբ լեյկոցիտները ցածր էին, տխրում էի, և բժիշկները տեսնելով իմ հոգեվիճակը՝ խրախուսոմ էին ինձ, որպեսզի ուժեղ լինեմ, որովհետեւ հստակ գիտակցում էին, որ իմ երեխան ինձ էր նայում, իմ հոգեվիճակը Էդգարին էր փոխանցվում:

Այնքան գոհ եմ, որ այս հիվանդանոցում իմ երեխան բուժվեց: Հատկապես կուզենայի առանձնացնել բժիշկների բարեհամբույր եւ հարգանքով վերաբերմունքը: Սամվել Սիմյոնիչը թեթեւացնում էր այդ լարված մթնոլորտը իր կատակներով: Էդգարս շատ սիրեց հատկապես բժշկուհի Լիանա Լեոնիդովնային: Նա այնքան բարի է ու միշտ ժպիտով է մեզ դիմավորում: Այդ ժպիտը այնքան է ջերմացնում սիրտդ, որ քեզ թվում է ամեն ինչ լավ է լինելու: Նա շատ լավ մարդ է առաջինը, հետո նոր լավ բժիշկ, եւ ես իրեն շատ շնորհակալ եմ: Շնորհակալ եմ Աստծուց առաջին հերթին, որ մեզ մենակ չթողեց եւ բոլոր բժիշկներին՝ գրագետ եւ բարեհամբույր լինելու համար:

Կուզենայի, որ բոլոր այն մայրիկները, ովքեր ինձ պես հայտնվել են այս իրավիճակում եւ դառը օրեր են քաշում, զինվեն համբերությամբ եւ ուժեղ լինեն, որովհետեւ լավ է՜ լինելու /սրբեց այտի վրա չորացած արձունքը/:

Հարցազրույցը վարեց Գալինա Ստեփանյանը