Քաղցկեղն հաղթահարած Անուշիկն արդեն բալիկ ունի

Քաղցկեղն հաղթահարած Անուշիկն արդեն բալիկ ունի

Երբ բացվեց բաժանմունքի դուռը, այնտեղ եռում էր աշխատանքը. բժիշկները զննում էին հիվանդներին, նշակում դեղահաբեր, նրանցից մեկը մտազբաղ լրացնում էր հիվանդության պատմության մատյանը, մյուսը՝ զրուցում հեռախոսով, կոնսուլտացիա էր անցկացնում: Կենսախինդ ժպիտով այս շիկահեր աղջիկը մի փոքր շփոթված աչքերով փնտրում էր նրան: Ձեռքի ծաղկեփունջը մատնանշում էր ակնկալվող շնորհակալության խոսքերի, սրտատրոփ գրկախառնության եւ ջերմ հանդիպման մասին, ինչին եւ մենք ականատես եղանք: Անուշիկ Հակոբյանը փնտրում էր իրեն բուժող բժշկին՝ Լիլիթ Ռադիկովնային:

- Չե՞ք հիշում ինձ,- դողացող եւ միևնույն ժամանակ ուրախության ելեւէջներով լի ձայնով հարցնում էր Անուշիկը: -Չե՞ք հիշում, ես Անուշիկն եմ 2003 թվականին էստեղ էի բուժվել,այդ ժամանակ 12 տարեկան էի, մեծացել եմ՝ փոխվել:

Բժշկուհի Սարգսյանը՝ մայրերին հատուկ քնքշանքով, փաթաթվեց Անուշին, - Հիշում եմ Անուշիկ ջան:

Հանդիպումը, իրոք, հուզիչ էր: Մի փոքր անց Անուշիկը մեզ հետ կիսվեց իր պատմությամբ:

- Այնքան լավ եմ հիշում, ինձ ասեցին հույս չկա եւ մենք եկանք հիվանդանոց: Այսօրվա պես վերապրում եմ նույն զգացողություններս: Լիլիթ Ռադիկովնան ձեռքը դրեց ուսիս եւ ասեց,-Ես կպայքարեմ: Դու այստեղից քո ոտքով կգնաս:

Իմ հիվանդության պատմությունը շատ բարդ էր: Անթիվ դեղեր էի խմում: Քթիցս անդադար արունահոսում էր, շատ վատ էի, կարելի է ասել ես կլինիկական մահ եմ տարել, մի փոքր անհավանական կթվա, բայց ես Աստծուն եմ տեսել: 3 ցանկության ու խնդրանքներիս մասին պատմեցի Տիրոջը. հայրիկիս տեսնեմ, բուժվեմ եւ մերոնց նորից տեսնեմ: Ամեն պատմելուց նորից վերապրում ու շոկ եմ զգում:

Լիլիթ Ռադիկովնան կարծեմ 5 հիվանդ ուներ: Ինձ անչափ լավ էր վերաբերվում, կարելի է ասել իր երեխայի պես: Ուշ էր գնում աշխատանքից տուն իմ համար, ես զգում էի, որ նա ինձ հարազատ մարդ է դարձել: Նոր տարվա օրը ստացա իմ կյանքում ամենաթանկ նվերներից մեկը՝ տաքուկ վերնաշապիկ, որը ինձ աշխարհի ամենատաք վերնաշապիկը թվաց, որորվհետեւ իմ հարազատն էր այն նվիրել, որովհետեւ այն ջերմացնում էր հոգիս: 13 տարի է անցել, բայց ես մինչ այժմ պահում եմ այդ տաքուկ վերնաշապիկը:

Ես 2 անգամ եմ ամուսնացել: Առաջին ամուսինս պատրաստ չէր ընդունել հիվանդությունս: Հիմա բալիկ ունեմ, 2-րդ անգամ եմ ամուսնացել, երջանիկ եմ:

Բարդ էր, անհույս էր, բայց հաղթահարեցինք, դուք էլ կարող եք, Աստված բոլորիս հետ:

Հարցազրույցը վարեց Գալինա Ստեփանյանը