Covid-19-ը բացահայտում է այն, ինչ քաղցկեղով հիվանդները  վաղուց գիտեին. Աշխարհն ավելի լավ և անաչառ  առողջապահական համակարգի կարիք ունի
24/06/2020 19:13

Covid-19-ը բացահայտում է այն, ինչ քաղցկեղով հիվանդները վաղուց գիտեին. Աշխարհն ավելի լավ և անաչառ առողջապահական համակարգի կարիք ունի

Արքայադուստր Դինա Միրեդի կարծիքը

Հունիսի 21, 2020

Հորդանանի արքայադուստր Դինա Միրեդը Քաղցկեղի վերահսկողության միջազգային միավորման նախագահն է։ Այն համախմբել է քաղցկեղի ասոցիացիաներ, հիվանդների խմբեր և առողջապահության նախարարություններ՝ միավորելու ուժերը և հնարավորությունները քաղցկեղի դեմ պայքարում, նա նաև նախկինում եղել է Քինգ Հուսեյն քաղցկեղի հիմնադրամի գլխավոր տնօրենը: Ստորև ներկայացված արտահայտությունները և տեսակետները պատկանում են արքայադստերը:

(CNN) Բառերը չեն կարող արտահայտել, թե մենք բոլորս որքան պարտական ենք ամբողջ աշխարհի առողջապահական ոլորտի աշխատողներին: Դուք ձեր կյանքը վտանգում եք` մեզ բոլորիս փրկելու համար: Դուք վերաիմաստավորել և նոր նշանակություն եք տվել «զոհաբերություն» տերմինին:

Քաղցկեղ ունեցող պացիենտները և ոլորտի բուժաշխատողները, անկասկած, տուժել են կորոնավիրուսի ծանրաբեռնվածությունից կրկնակի անգամ շատ: Բոլորս գիտենք, որ քաղցկեղը չի սպասելու Covid-19-ի ավարտին: Դրա կործանարար աշխատանքը գենետիկորեն ճշգրտորեն գծագրված է: Փաստորեն, երբ համակարգը կոտրվում է՝ քաղցկեղը ծաղկում է:

Որպես քաղցկեղը վերապրածի մայր, ես շատ լավ գիտեմ, որ քաղցկեղ ունեցող իմունաճնշված անձն առավել մեծ վտանգ ունի վարակվելու։ Բոլորս էլ քաջ տեղյակ ենք, թե որքան կարևոր է ժամանակին կատարված ախտորոշումը կամ բուժումը, և որքան անհագստացնող և վտանգավոր է նման հիմնական գործողությունների չեղարկումը կամ հետաձգումը այս հիվանդությունների պարագայում։ Նաև պետք է իմանալ, որ էժան պաշտպանիչ սարքավորումների սակավության պատճառով մեր թանկագին բուժաշխատողների կյանքը վտանգված է, որը մեղմ ասած ցնցող ու ցավալի փաստ է։

Պետք է ասեմ, որ ծայրաստիճան ցավալի էր իմանալ, թե ինչպես է մեր քաղցկեղի դեմ պայքարող անձնակազմը նորամուծություններով և հարմարվելով՝ դիմագրավել մարդկանց առջև ծառացած իրական մարտահրավերներին: Պատմությունները, որոնցից մենք տեղյակ ենք, պարզապես հերոսական քայլեր չեն, այլ թե՛ անձնական, թե՛ հավաքական հերկուլեսյան մեծ ջանքեր են, որպեսզի քաղցկեղի ախտորոշումը և բուժումը չավարտվի Cօvid -19-ի կործանարարությամբ: Զավեշտալի է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում մեզանից պահանջվել է կրել դիմակներ, սակայն, կորոնավիրուսի դեմ պայքարը ընթացավ այնպիսի ողբերգական մարդկային կորուստներով, որոնք դիմակազերծեցին գլոբալ առողջապահական համակարգում առկա չափից շատ տհաճ փաստեր, որոնք ներդրումների և բարեփոխումների կարիք ունեն։ Միայն այդպես հնարավոր կլինի բոլոր հիվանդների համար հավասարապես և ըստ անհրաժեշտության բուժում ապահովել։

Կորոնավիրուսի կործանարար հետևանքներից շատերը, ներառյալ սարքավորումների, աշխատակազմի, դեղորայքի պակասը, ծառայությունների մատակարարման համակարգերի բացակայությունը, ֆինանսական անհասանելիությունը և միասնական քաղաքական կամքի և ռազմավարության բացակայությունը, միշտ էլ ընթացիկ խնդիրներ են եղել, երբ խոսքը վերաբերվել է քաղցկեղ ունեցող միլիոնավոր մարդկանց բուժմանը, հատկապես ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

Երբ մենք խոսում ենք ամեն տարի քաղցկեղից մահացող 9,6 միլիոն մարդկանց մասին, կրկնում եմ ՝ 9,6 միլիոն մեզ նման մարդկանց մասին, մի ծանրաբեռնվածություն, որը հիմնականում կրում են աղքատները և մեր հասարակության ամենազրկվածները, հաճախ առերեսվում ենք բազում համաշխարհային առաջնորդների և կառավարությունների անտարբերությանը: Ինչո՞ւ։ Քանի որ ցածր եկամուտ ունեցող երկրներում քաղցկեղի բուժման խնդիրը տեղի է ունենում «ինչ-որ հեռու մի տեղ», չի հասնում «մեր» ափերին և, հետևաբար, ուղղակիորեն չի ազդում «մեզ» վրա: Մարդկանց բնույթն է այդպիսին։

Covid-19-ին հաջողվեց հավասարեցնել մեր մեջ ապրող միլիոնավոր մարդկանց դժբախտությունները և բացահայտել առկա հավաքական անտարբերությունը այնպիսի խնդիրների նկատմամբ, որոնց ամեն օր առերեսվում են քաղցկեղ ունեցողները, հատկապես ավելի աղքատ և միջին եկամուտ ունեցող, բայց նաև տնտեսապես զարգացած երկրներում:

Մինչ օրս պացիենտներից շատերը անհարկիորեն մահանում են հիվանդություններից, որոնք հնարավոր է կանխարգելել պատվաստվելով, սկրինինգներով և շատ դեպքերում էլ բուժմամբ: Արգանդի վզիկի քաղցկեղն ամենավառ օրինակն է, որտեղ համատարած սկրինինգները, վաղ ախտորոշումը և ՄՊՎ պատվաստումը իրականում կարող են հանգեցնել այդ խնդրի վերացմանը, և դեռ վճռական գործողությունները և համարժեք ֆինանսավորումը ուշանում են։

Այո՛, ես կհամարձակվեմ ասել, որ առողջության ֆինանսավորման անհրաժեշտությունն ընդգծելու և բժշկական օգնության կարիք ունեցողների տառապանքները կարևորելու համար, Covid-19-ով պայմանավորված ճգնաժամն ունի իր դրական կողմերը։

Covid-19-ը կրկին բացահայտեց այն ամենն, ինչ մենք որպես համաշխարհային առողջապահական հանրություն կրկնում էինք և շատ երկար ժամանակ ուշադրություն էինք հրավիրում. «Վերջ տվեք հիվանդությունների միջև խտրականությանը»:

Մենք միշտ դեմ ենք եղել այդ խտրականությանը, ինչպես, օրինակ, խտրականությանը վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կարևորության միջև: Այս մոտեցումը հանգեցրել է լուրջ հետևանքների, որն է մեկ հիվանդության նկատմամբ կողմնակալությունը՝ թե՛ գործողությունների, և թե՛ ֆինանսավորման առումով:

Նաև բազմիցս անդրադարձել ենք ամբողջ աշխարհում առկա բուժաշխատողների պակասին, որոնց թիվն այսօր ընդամենը 18 միլիոն է կազմում: Եվ մենք հիմա տեսնում ենք վերջինիս ավերիչ ազդեցությունը:

Եվ մատնանշում ենք «կիրառական հետազոտության» անհրաժեշտությունը, որը պարզ բառերով թարգմանվում է՝ հասկանալ ոչ բժշկական ենթակառուցվածքների դերը. ծառայության սպասարկման համակարգեր, ֆինանսական համակարգեր, բժշկական թղթաբանություն և այլ խնդիրներ, որոնք կարող են ազդել բժշկական օգնության մատուցման վրա: Արդեն երկար ժամանակ է, ինչ թույլ զարգացած ոչ բժշկական ենթակառուցվածքը ձախողվում է հիվանդին արդյունավետ բուժման մատուցման հարցում։ Օրինակ, ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում առկա են զգալի խոչընդոտներ պալիատիվ խնամքի համար, հատկապես ցավազրկող դեղամիջոցների մուտքի ապահովման առումով, այդ երկրները ստանում են ամբողջ աշխարհում բաշխված մորֆինին համարժեք օփիոիդների հազիվ 0.03%-ը, միևնույն ժամանակ, Հյուսիսային Ամերիկայում առկա է օփիոիդ դեղամիջոցների հետ կապված գերապահովման ճգնաժամ։

Պաշտպանիչ սարքավորումների սակավության հարցը, ցավոք, հանդիսանում է մեկ այլ օրինակ, և այդ պարզունակ և էժան հագուստի բացակայությունը խթան է հանդիսացել խիստ վարակիչ և մահացու հիվանդության տարածումը արագացնելու համար:

Ավելին, պետք է կարևորել առողջության համապարփակ ապահովագրության անցնելու անհրաժեշտությունը` մի մոդել, որը հիմնված է բժշկական խնամքի մատչելիության և հավասարության վրա, որևէ մեկին չանտեսելու, մարդակենտրոն մոտեցման և առաջնային խնամքի օղակների ուժեղացման վրա:

Հուսով եմ, որ Covid-19-ի մղձավանջի ավարտից հետո, աշխարհի առաջնորդները կկենտրոնանան առաջացած խնդրի վրա, կվերանայեն իրենց առաջնահերթությունները և կաջակցեն ամբողջ աշխարհում առողջապահական համակարգերի ամրապնդմանը: Որովհետև մարդկության իրական պատերազմում հնարավոր չէ պայքարել զենքով, այլ միայն ուժեղ, կայուն և հզոր առողջապահության համակարգով, որը հավասարապես է բաշխված բոլորի համար։

Թարգմանեց Մանուշակ Ավագյանը