Խորհուրդներ կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի ժամանակ
17/03/2020 13:53

Խորհուրդներ կորոնավիրուսային (COVID-19) համաճարակի ժամանակ

Ի՞նչ է կորոնավիրուս 2019-ը

COVID-19 հիվանդությունը շնչառական հիվանդություն է, որն առաջանում է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման դեպքում։ Այն առաջին անգամ հայտնաբերվել է Չինաստանի Ուհան քաղաքում 2019 թվականի դեկտեմբերին։

Կորոնավիրուսները վիրուսների մեծ ընտանիք են, որոնք կարող են պատճառ դառնալ թեթև հիվանդությունների, ինչպես օրինակ սովորական մրսածությունը, ինչպես նաև ավելի ծանր հիվանդություների, ինչպիսիք են Ծանր Սուր Շնչառական Սինդրոմը (Severe Acute Respiratory Syndrome - SARS) և Մերձավոր Արևելյան Շնչառական Սինդրոմը (Middle East Respiratory Syndrome - MERS): Քանի որ նոր կորոնավիրուսը հանդիսանում է SARS-ասոցացված, այն անվանվել է SARS-CoV-2:

Հիվանդությունը կարող է տարածվել մարդուց մարդուն։ Տարածումը տեղի է ունենում քթից կամ բերանից առաջացած մանր կաթիլների միջոցով, որոնք արտաքին միջավայր են ընկնում հազալիս կամ փռշտալիս։ Մեկ այլ անձ վարակվում է COVID-19-ով, երբ շնչում է այդ կաթիլները կամ կպնում է մակերեսների, որոնց վրա կան այդ կաթիլները, և այնուհետև ձեռք տալիս աչքերին, բերանին կամ քթին։ Չնայած COVID-19-ի վերաբերյալ հետազոտությունները դեռևս ուսումնասիրվում են, առաջնային համոզմունքն այն է, որ հիվանդությունը հիմնականում տարածվում է շնչառական այս կաթիլների հետ շփման միջոցով: COVID-19-ով վարակման ախտանիշները կարող են լինել թեթև կամ ծանր աստիճանի, որոնք արտահայտվում են ջերմությամբ, հազով, հևոցով, շնչական անբավարարությամբ։ Կարող է լինել նաև ցավ, քթից արտադրություն, կոկորդի ցավ կամ փորլուծություն։ Որոշ վարակակիրների մոտ, այնուամենայնիվ, հնարավոր է ախտանիշների բացակայությունը։

Ի՞նչ է պետք անել կորոնավիրուսից խուսափելու համար

Ներկայումս չկա պատվաստանյութ COVID-19-ը կանխարգելելու համար:

Անհրաժեշտ է հնարավորինս խուսափել COVID-19 վարակակիրների հետ շփումից: Վերոնշյալը պաշտպանվելու լավագույն տարբերակն է: Ճանապարհորդելիս անհրաժեշտ է հետևել ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (ՀՎԿ) և Առողջապահության համաշխարային կազմակերպության (ԱՀԿ) ուղեցույցներին:

Պաշտպանվելու մեկ այլ տարբերակ է ձեռքերի հաճախակի լվացումը օճառով և ջրով` առնվազն 20 վայրկյանի ընթացքում: Օճառի և ջրի բացակայության պարագայում անհրաժեշտ է օգտվել ձեռքերը ախտահանող միջոցներից, որոնք պարունակում են առնվազն 60% ալկոհոլ: Այնուամենայնիվ, օճառը և ջուրը հանդիսանում են ձեռքը լվանալու լավագույն մեթոդը:

Ձեռքերը հաճախ լվանալուց բացի անհրաժեշտ է.

1. հաճախակի չդիպչել բերանին, աչքերին և քթին;

2. հազալիս կամ փռշտալիս բերանը փակել անձեռոցիկով, այնուհետև անձեռոցիկն անհրաժեշտ է թափել (դրա բացակայության դեպքում բերանը նախընտրելի է փակել թևքով և ոչ թե ձեռքով),

3. խուսափել հիվանդ մարդկանցից,

4. հաճախակի մաքրել դռան բռնակները, զուգարանակոնքը, ստեղնաշարները, պլանշետները, հեռախոսները և այլն:

COVID-19-ը կանխարգելելու համար խորհուրդ չի տրվում օգտագործել դիմակներ: Այնուամենայնիվ, եթե Ձեz մոտ առկա է մրսածություն կամ COVID-19, ապա նպատակահարմար է կրել դիմակ շրջապատող մարդկանց չվարակելու համար:

Արդյո՞ ք քաղցկեղ ունեցող մարդիկ պետք է ձեռնարկեն հատուկ կանխարգելիչ միջոցառումներ

COVID-19-ի առավել ծանր կլինիկական դրսևորումը հավանական է քաղցկեղ ունեցող, ակտիվ հակաքաղցկեղային բուժում ստացող, ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցող /օր` դիաբետ, սրտային անբավարարություն/ մարդկանց և տարեցների շրջանում: Վերոհիշյալ կանխարգելիչ միջոցառումները պետք է ձեռնարկեն նաև քաղցկեղ ախտորոշմամբ պացիենտները. հաճախակի և լավ լվանալ ձեռքերը, հնարավորինս դեմքին ձեռք չտալ, խուսափել հիվանդ մարդկանց հետ շփումից: Նրանք՝ ում մոտ COVID-19-ի առկայության դեպքում բարդությունների զարգացման հավանականությունը ավելի մեծ է պանդեմիայի շրջանում պետք է հնարավորինս խուսափեն ճանապարհորդություններից: Անհրաժեշտ է նաև խուսափել մարդկանց զանգվածային կուտակումներով վայրերից: Հաշվի առնելով, որ ներկայումս սուր շնչառական վարակների բռնկման շրջան է խիստ ցանկալի է ստանալ համապատասխան պատվաստում հիվանդությունը կանխարգելելու համար:

Ի՞նչ անել կորոնավիրուսի կասկածի դեպքում

Կապ հաստատեք Ձեր բուժող բժշկի հետ տենդի և շնչառական վիրուսային վարակին բնորոշ ախտանիշների (հազ, շնչառության դժվարացում) առկայության դեպքում, և հատկապես եթե առկա են հետևյալ երկու կետերը․

1․ Ունեցել եք սերտ շփում COVID-19 ունեցող անհատի հետ;

2․ Ապրում եք կամ ճանապարհորդել եք այնտեղ, որտեղ գրանցվել են տվյալ հիվանդության դեպքեր։

Նախօրոք կապ հաստատեք Ձեր բուժող բժշկի կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունքի հետ և տեղեկացրեք COVID-19-ի կասկածի մասին։ Ձեր բուժող բժիշկը պետական և տեղային առողջապահական բաժնի հետ կքննարկի SARS-CoV-2 թեստավորում անցկացնելու անհրաժեշտությունը։

Հիվանդության առկայության պարագայում տանը մնալը լավագույն տարբերակն է այլ անձանց հիվանդության փոխանցումը կանխելու նպատակով։

Ուռուցքային հիվանդություն ունեցող անհատը, ով ունի ընկճված իմունային համակարգ, ստանում է համապատասխան բուժում, և հանկարծակի ձեռք է բերում տենդ և սուր շնչառական վարակին բնորոշ ախտանիշներ, պետք է անհապաղ կապ հաստատի իրեն բուժող ուռուցքաբանի հետ։ Անհրաժեշտ է հստակ հետևել բուժող բժշկի հանձնարարականներին։

Եվ կրկին, անհրաժեշտ է հաճախակի լվանալ ձեռքերը։

նյութը թարգմանվել է ԵՊԲՀ Ուռուցքաբանության Ամբիոնի, Միքայելյան Համալսարանական Հիվանդանոցի Քիմիաթերապիայի Կլինիկայի և ԱՆ Արյունաբանական Կենտրոնի Քիմիաթերապիայի Կլինիկայի թիմի կողմից։ Այն մշակված է Ամերիկայի Կինիկական Ուռուցքաբանության Միության (American Society of Clinical Oncology - ASCO) կողմից։