ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք
23/01/2019 14:32

ԶԳՈՒՇԱՑԵ՛Ք

Ձեզ ենք ներկայացնում ՀՀ ԱՆ ուռուցքաբանության գծով խորհրդատու Գևորգ Թամամյանի հայտարարությունը «Էսկոզին» պրեպարատի և sisian.info կայքի տարածած տեղեկատվության մասին։

Օրեր առաջ sisian.info կայքը տարածել է տեղեկատվություն «ԷՍԿՈԶԻՆ ԴԵՂԱՆՅՈՒԹԻ ԱՌԱՋԻՆ ԽՄԲԱՔԱՆԱԿԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ» վերնագրով: Ըստ տեղեկատվության, «Միքաելյան բարեգործական» հասարակական կազմակերպությունը, որ գործում է Սիսիան քաղաքում, որպես «հակաքաղցկեղային» միջոց «Էսկոզին» կոչվող պրեպարատը բաժանել է Սիսիանի սոցիալապես առավել խոցելի խմբերին:

 

Համաձայն «Էսկոզին» կոչվող միջոցի տուփի վրայի գրառման, սա հոմեոպաթիկ միջոց է՝ քիմիաթերապիայի կողմնակի ազդեցությունները մեղմելու համար: Սակայն, sisian.info-ի տարածած հաղորդագրությունում նշված է, որ «Դեղանյութը, ի տարբերություն շատ դեղամիջոցների, ազդում է բոլոր տեսակի քաղցկեղային բջիջների վրա: Այն կարելի է համակցել քիմիաթերապիայի և բուժման այլ մեթոդների հետ` առավել զգալի արդյունք ստանալու նպատակով: Էսկոզինը, կիրառելով քիմիաթերապիային զուգահեռ, առաջացնում է սիներգիզմ, այսինքն՝ նպաստում է քիմիաթերապիայի արդյունավետության բարձրացմանը: Դեղանյութը նաև առաջացնում է ուռուցքի ստաբիլիզացիա, կանխում արագ զարգացումը, ունի հակացավային ազդեցություն, նպաստում է հիվանդի ինքնազգացողության որոշակի բարելավմանը, չունի կողմնակի ազդեցություններ:»

 

Այսինքն՝ տվյալ միջոցի փաթեթավորման վրա նշված է մեկ այլ բան, իսկ հիվանդներին այն տրվել է մեկ այլ պատճառով: Փաստորեն, քաղցկեղով հիվանդներին, բարեգործության կեղծ շղարշի ներքո, բաժանվում է մի միջոց՝ կեղծ տեղեկատվությամբ:

Քանի որ վերևում նշվածը փաստացի վտանգ է ստեղծում մեր ազգաբնակչության անվտանգության համար, այս առիթով դիմում եմ պատկան մարմիններին, պարզելու՝

 

1. Արդյո՞ք «Էսկոզին» կոչվող միջոցը գրանցված է մեր երկրում և եթե գրանցված է, ապա ի՞նչ ցուցումներով: Արդյո՞ք այն գրանցված է որպես հակաքաղցկեղային միջոց:

2. Տեղեկատվության մեջ նշված Արթուր Միքայելյանը, որ ներկայացված է որպես բիոնեյրոհոգեբան, արդյո՞ք ունի Հայաստանում բժշկական գործունեություն իրականացնելու իրավունք, և արդյո՞ք իրականացնում է:

3. Արդյո՞ք sisian.info կայքի տարածած ինֆորմացիան համապատասխանում է իրականությանը, և պացիենտներին բաժանվել է տվյալ դեղորայքը որպես հակաքաղցկեղային միջոց:

4. Ի՞նչ գործունեություն է իրականացնում «Միքաելյան բարեգործական» ՀԿ-ն: Արդյո՞ք ունի իրավունք կատարելու հիվանդների հաշվառում, ինչպես նշված է հաղորդագրության մեջ:

5. Հաղորդագրության մեջ նշված է նաև, որ նախքան դեղանյութի տրամադրումը կնքվում է երկկողմանի պայմանագիր՝ նվիրատվության տրամադրման կարգի, կողմերի պարտավորությունների, պայմանագրի ժամկետի և այլ մանրամասների վերաբերյալ: Ի՞նչ պայմանագրի մասին է խոսքը: Ի՞նչ պարտավորություններ են ներառված:

 

Եվ վերջում, որպես հավելում, ինչպես սահմանում է Cancer Research UK-ը՝ չնայած բազմաթիվ հետազոտություններ են իրականացվել հոմեոպաթիայի վերաբերյալ, մինչ օրս չկա գիտական կամ բժշկական ապացույց, որ այն կարող է կանխել քաղցկեղը կամ աշխատել որպես քաղցկեղի դեմ դեղորայք: