ՀՀ ԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
18/06/2018 12:32

ՀՀ ԱՆ ԳԼԽԱՎՈՐ ԱՐՅՈՒՆԱԲԱՆԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնից ազատվել է Սմբատ Դաղբաշյանը (լուսանկարում՝ աջից) եւ այդ պաշտոնում նշանակվել է Սամվել Դանիելյանը (լուսանկարում՝ ձախից):

Դաղբաշյանը հայտնի էր նրանով, որ արյունաբան չլինելով հանդերձ, ավարտելով ընդամենը 1 տարվա ինտերնատուրա որպես թերապեւտ, 2003 թվականից մինչ օրս անհասկանալի ձեւով զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանի պաշտոնը եւ նույն ժամանակից նաեւ Երեւանի պետական բժշկական համալսարանի արյունաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: 2001 թվականին նշանակվելով ՀՀ ԱՆ Պրոֆ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, նա չի բավարարվել դրանով եւ «որոշել է» լինել նաեւ գլխավոր մասնագետ, գիտական խորհրդի նախագահ եւ այլն, ինքը չլինելով արյունաբան:

Ուսումնասիրելով ՀՀԿ կայքում ներկայացված կենսագրականը, պարզ է դառնում, թե ինչպես է այսքան տարի ոչ մասնագետը զբաղեցրել նման պաշտոններ եւ դարձել դոկտոր-պրոֆեսոր: Նա հանդիսանում է ՀՀԿ խորհրդի անդամ, ԵԿՄ վարչության անդամ, ինչպես նաեւ «Առողջապահության Կազմակերպիչների Միավորում» հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն: Այս հասարակական կազմակերպությունը հիմնականում հայտնի է եղել ընտրությունների ընթացքում ՀՀԿ-ի համար ակտիվ քարոզարշավով եւ բուժաշխատողների շրջանում Հանրապետական կուսակցության համար ակտիվ ձայնահավաքով:

Իսկ ինչ է հայտնի Սամվել Դանիելյանի մասին: Նրա անվան հետ են կապվում հարյուրավոր քաղցկեղով հիվանդ երեխաների փրկված կյանքեր: Նա կրթությունը ստացել է Ռուսաստանի եւ Եվրոպայի խոշորագույն կենտրոններում եւ 90-ականների սկզբին, պատերազմի տարիներին, վերադառնալով Հայաստան իր թիմի հետ ներդրել է մանկական լեյկեմիաների բուժման նորագույն սխեմաները, ինչի արդյունքում մանկական լեյկեմիաների բուժման տոկոսը զրոյից աճել է մինչեւ 70 տոկոս:

Մինչեւ 2007 թվականը ղեկավարել է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքը, սակայն Դաղբաշյանի հետ ունեցած մասնագիտական եւ գաղափարական անհամաձայնության պատճառով, իր թիմի հետ հիմնել է ԵՊԲՀ Մուրացան հիվանդանոցային համալիրի Քիմիաթերապիայի կլինիկան, ինչպես նաեւ ղեկավարել է ԵՊԲՀ ուռուցքաբանության ամբիոնը: Վերջին 10 տարիների ընթացքում իր ղեկավարությամբ Մուրացանի քիմիաթերապիայի կլինիկայում Հայաստանում առաջին անգամ ներդրվել են երեխաների եւ մեծահասակների ուռուցքների եւ արյան հիվանդությունների նորագույն սխեմաներ, ինչը էականորեն բարձրացրել է հիվանդների բուժման տոկոսները:

Աղբյուրը՝ www.armtimes.com