ՀՆԴԿԱՍՏԱՆԻ   ԴԵՍՊԱՆԸ   «ՄՈՒՐԱՑԱՆ»   ՀԱՄԱԼԻՐԻՆ   ՆՎԻՐԱԲԵՐԵՑ   ԹԱԼԱՍԵՄԻԱ   ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ   ԲՈՒԺՄԱՆ   ՀԱՄԱՐ   ԱՆՀՐԱԺԵՇՏ   ԴԵՂԵՐ
16/03/2018 12:19

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ «ՄՈՒՐԱՑԱՆ» ՀԱՄԱԼԻՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵՑ ԹԱԼԱՍԵՄԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԴԵՂԵՐ

Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանն այսօր ԵՊԲՀ «Մուրացան» համալիրում էր՝ համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապիայի կլինիկային թալասեմիա հիվանդության բուժման համար անհրաժեշտ դեղեր նվիրաբերելու նպատակով:

Յոգեշվար Սանգվանը նշեց, որ Հնդկաստանի դեսպանությունն արդեն երրորդ անգամ է հանդես գալիս նման կարևոր նախաձեռնությամբ, որի նպատակն է ներդրում ունենալ հիվանդ երեխաների բուժման գործում:

Նա վստահություն հայտնեց, որ երկարամյա համագործակցությունը Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հետ շարունակական է լինելու, ինչպես կրթության, այնպես էլ կլինիկական և գիտական ոլորտում:

ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Բագրատ Բավեյանը շնորհակալություն հայտնեց դեսպանին նվիրատվության համար՝ ընդգծելով, որ այս տարիներին բազմաթիվ շնորհակալական նամակներ է ստացել այն պացիենտների կոողմից, որոնց կյանքի որակը բարելավվել է տրամադրված դեղերի շնորհիվ: Ի նշան երախտագիտության, նա դիվանագետին փոխանցեց համալսարանում բուժում ստացող երեխաներից մեկի ձեռքի աշխատանքը: 

ԵՊԲՀ կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի և ԵՊԲՀ միջազգային գործունեության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի ուղեկցությամբ Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը ծանոթացավ հիվանդանոցային համալիրի հնարավորություններին, շրջեց բաժանմունքներում: 

Նշենք, որ այս պահին «Մուրացան» հիվանդանոցային համալիրում բուժում է ստացում թալասեմիա ունեցող 31 հիվանդ, և այսօր տրամադրված դեղերի քանակը մոտ երկու տարի կբավարարի դրանց կարիքն ունեցողներին:

Աղբյուրը՝ www.ysmu.am