«ԱՌՈՂՋ ԿՐԾՔԱԳԵՂՁ» ՆԱԽԱԳԻԾ
28/06/2017 17:30

«ԱՌՈՂՋ ԿՐԾՔԱԳԵՂՁ» ՆԱԽԱԳԻԾ

 Cancer.am կայքի շրջանակներում արդեն ներկայացրել ենք ուռուցքաբան, մամոլոգ և կրծքագեղձի վիրաբույժ՝ ԱՐԹՈՒՐ ԱՐՄԵՆԱԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆի, տարատեսակ հոդվածները և իր ինքնակենսագրականը: Այսօր ուզում ենք Ձեզ ներկայացնել մի կարևոր նախագիծ, որը վերջինիս նախաձեռնությունն է, որը, ինչպես հմուտ բժշկի բոլոր նախագծերն են, ևս անչափ արդյունավետ է և հետաքրքիր:  Առողջ Կրծքագեղձ/Breast Health-ի շրջանակներում՝ ստեղծվել է www.breast.am կայքը, որը հավաստի տեղեկատվություն է ապահովում կրծքագեղձի առողջության, ինչպես նաև քաղցկեղի կանխարգելման մասին: Բայց ամենակարևորը «Կանխարգելում» էլեկտրոնային ծրագիրն է (http://breast.am/?page_id=23884), որն անհատական ու կանոնավոր էլ.փոստ/SMS հիշեցումներ է ուղարկում կնոջը, որ նա բուժզննում անցնի՝ իրեն ապահովելով կրծքագեղձում վտանգավոր փոփոխությունների բացթողումից կամ ուշացած հայտնաբերումից:

Ինչպես գիտեք՝ շուրջ երկու տարի է, ինչ «Առողջ կրծքագեղձ» նախագիծը տրամադրում է կրծքագեղձի առողջության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն, կազմակերպում է խորհրդատվություններ ու վիրահատություններ, նախաձեռնում մարզային հանդիպումներ, որոնց ընթացքում նաև անցկացվում են կրծքագեղձի անվճար հետազոտություններ և թեմային առնչվող դասախոսություններ: Ամեն տարի կազմակերպվում են բժշկական կոնֆերանսներ, որոնց ժամանակ արտասահմանից հրավիրված առաջատար մասնագետներն իրենց փորձով են կիսվում Հայաստանում այս խնդրով զբաղվող բժիշկների հետ: «Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում Դուք կգտնեք ձեզ հետաքրքրող ամեն բան կրծքագեղձի վերաբերյալ՝ դրա կառուցվածքի, հիվանդությունների և դրանց կանխարգելման մասին, ինչպես նաև բժշկին կարող եք ուղղել ձեզ հուզող հարցերը: Կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման դժվարությունների դեպքում կրծքագեղձի մամոգրաֆիկ նկարների վերաբերյալ հնարավոր է անվճար կոնսուլտացիա ստանալ Գերմանիայի և/կամ ԱՄՆ-ի` կրծքագեղձի հիվանդությունների ախտորոշման կենտրոնների կողմից. մասնագետները, զննելով մամոգրաֆիկ նկարները, կտան երկրորդ կարծիք, ինչն ընդունված է արևմտյան բոլոր զարգացած երկրներում:«Առողջ կրծքագեղձ» նախագծի շրջանակներում ստեղծվել է «Եվրոպա Դոննա Արմենիա»-ն՝ առաջին պացիենտական կազմակերպությունը Հայաստանում:

«Առողջ կրծքագեղձ» նախագծի առաքելությունն է օգնել կանանց ունենալ առողջ կրծքագեղձ։ Ի սկզբանե այս նախագիծը մի նպատակ է հետապնդում. կրթել հայ կնոջը` սովորեցնելով հարգել իր առողջությունը: Կարևորելով Ձեր դերը յուրաքանչյուրիդ ընտանիքում և, առհասարակ, առողջ հասարակություն ունենալու գործում՝ ևս մեկ անգամ կոչ ենք անում՝ ՀԵՏԵՎԵ՛Ք Ձեր առողջությանը, հետազոտվե՛ք, նույնիսկ եթե որևէ գանգատ չունեք: Տեղին է նշել, որ պետք չէ վախենալ ախտորոշումից, ընդհակառակը․ ժամանակին և պարբերաբար հետազոտվելը միակ և ամենաարդյունավետ միջոցն է զերծ մնալու ուշ հայտնաբերված քաղցկեղի վտանգից:

Կարևորն այն է, որ այստեղ հրապարակված նյութերը կազատեն Ձեզ հաճախ հանդիպող ապատեղեկատվության վտանգից, և Դուք ստիպված չեք լինի այլ տեղերում փնտրել կրծքագեղձի՝ Ձեզ հետաքրքրող հիվանդությունների մասին մասնագիտական ճշգրիտ տեղեկություններ: Բավական է կարդալ պարբերաբար թարմացվող հոդվածները, հետևել բժշկի խորհուրդներին, բարձրաձայնել թեմային առնչվող Ձեզ հուզող հարցերը կամ խորհրդատվության նպատակով այցելել բժշկին:

Cancer.am կայքի ողջ անձնակազմը շնորհավորում և մաղթում է breast.am կայքին նորանոր հաջողություններ: Սա բարի և անչափ դրական լուր է բոլոր կանանց համար, հուսով ենք Ձեր բոլոր նախագծերը հաջողությամբ կպսակվեն: