«Արյունը Ջուր Չի Դառնում»
Սինթիա Կազանջյանի այցը ԵՊԲՀ Մուրացանի Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկա
15/05/2017 19:58

«Արյունը Ջուր Չի Դառնում»

Ամեն ինչ սկսվեց այսպես: Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցացիան կազմակերպել էր ամենամյա Մելանոմայի կանխալգերման երեկույթը, որի ընթացքում ողջ հասույթը տրամադրվելու էր Մելանոմա ունեցող հայ մանուկներին:

Մեր այսօրվա պատմության հերոսուհին ներս մտավ հյուրերի հետ միասին : «Hello»,- լսվեց բարևիս պատասխանը: Սինթիա Կազանջյանը ներկայացավ որպես կամավոր  ԵՊԲՀ Մուրացանի Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայում: Ավելի ուշ ես կհասկանամ, որ վերջինս անչափ համեստ էր գտնվել իր ՝ պարզապես կամավոր ներկայանալու հարցում:

Սկսենք ամենա սկզբից: 2016 թվականին… Ո՛չ: Սա չէ իրական սկիզբը: 1915 թվականին տիկին Կազանջյանի  ընտանիքը այն հազարավոր ընտանիքներից մեկն էր, ով հրաշքով կարողացավ փրկվել փախեփախի ճանապարհին: Երկու տարի քրդերի հովանու ներքո իրենց գոյությունն պաշտպանելուց հետո, ստիպված էին լքել անգամ այդ խարխուլ ապաստանը: Բախտի բերմամբ հայտնվեցին Կանադայում, այնուհետև Ամերիկայի Միացյալ նահանգներում:

 Որքան շատ են աշխարհասփյուռ հայերը մեր ազգի պատմության էջերում: Երբ խոսում ենք հայոց Մեծ Եղեռնից, մենք՝ հայերս, միշտ ցասում ենք ապրում: Մեր հոգիները ողողվում են ատելությամբ անպատիժ ոճրագործների նկատմամբ: Անշուշտ, մեկ ու կես միլիոնից ավելի հայերի աննախադեպ սպանդն ու կոտորածն անտարբեր չի թողնում ոչ ոքի, իսկ Օսմանյան կասյրության ձեռքից մազապուրծ եղած  հազարավոր հայ ընտանիքների ապագա սերունդներն այժմ ստիպված են դեգերել օտար- ամայի ճամփեքին՝ հայրենիքից շատ հեռու:

Սինթիա Կազանչյանը 2016 թվականին պարզապես այն հազարավոր հայրենասեր   կանանցից  էր, ով առաջին անգամ այցելեց իր Մայր հողը թոռնիկի հետ միասին: Տաս տարեկան խարտյաշ տղան պատահաբար այցելեց հիվանդանոց և, տեսնելով քիմիաթերապիայի արդյունքում մազերը թափված, իրեն հասակակից երեխաներին՝ անչափ ազդվեց ու հորդորեց տատիկին օգնել վերջիններիս:

Այսօր տիկին Կազանջյանը այստեղ է՝ Երևանում: Իրեն հատուկ խանդավառությամբ ջանք ու եռանդ չի խնայում օգնել և սատար կանգնել այն երեխաներին, ովքեր կարիք ունեն: Նա վկայում է, որ շատ են բացթողումները Հայսատանյան հիվանդանոցներում: Այս մանուկները ավելի շատ բանի կարիք ունեն և միայն լավ բժշկի հոգատարությունն ու բուժումը չէ, որ իրենց ապաքինելու է: Նա բարձրացնում է այնպիսի հիմնախնդիրներ, ինչպիսիք են օրինակ ճիշտ սննդակարգը: Իր խորին համոզմամբ ցանկացած հիվանդություն անմիջականորեն կախված է նաև ճիշտ սննդակարգից: Տիկին Կազանջյանը քաջալերում է ԵՊԲՀ Մուրացանի Հիվանդանոցային Համալիրի Քիմիաթերապիայի կլինիկայում կլինիկական հոգեբաններ` Ալիսա Քամալյանի և Եվա Ասրիբաբայանի ներկայությունը և աջակցում է իրենց , քանի որ հոգեբանորեն միշտ պետք է պատրաստ լինես հաղթահարելու հիվանդությունդ: 

Իր կարծիքով մեր հայ բժիշկները անչափ խելացի են և ամենակարող, բայց չունեն համապատսախան կատարյալ պայմաններ, որոնք կնպաստեն իրենց աշխատանքի արդյունավետությանը: Օրինակ նկատել է, որ բժիշկներն հիմանկանում իրենք են պատասխանում հեռախոսազանգերին, իրենց անհանգստացնում են պատեհ –անպատեհ, իսկ Ամերիկայի բժիշկների հետ անգամ կոնսուլտացիա անցկացնելու համար կան հատուկ աշխատակիցներ, ովքեր զբաղվում են հիվանդների գրանցմամբ և թույլ են տալիս բժիշկներին հանգիստ կատարել իրենց զննումներն և նշանակումները: Կամ իրենց մոտ բոլոր գրառումներն թվայնացված են, որը պարզեցնում է վերջիններիս աշխատանքը:

Իրենք նաև չեն անհանգստանում բժշկական կոնֆերանսներ, ասուլիսներ, տարատեսակ հանդիպումներ, հասարակության և լրատվամիջոցների հետ կապեր պաշտպանելու և բարեգործական միջոցառումներ կազմակերպման հարցում, կան հատուկ մասնագետներ, ովքեր և պետք է իրականում զբաղվեն ադմինիստարցիոն հարցերով, իսկ բժիշկը ունի իր մեծ առաքինությունը՝ փրկել հիվանդներին և չի կարելի իրենց զբաղեցնել նմանօրինակ զբաղմունքներով: Նա կցանկանար, որ առողջապահության մասնագետները զբաղեցնեին իրենց մասնագիտական պաշտոնները:

Սինթիա Կազանջյանը իր փորձն ու գիտելիքների պաշարը այս օրերին փոխանցում է մեզ: Որպես հայրենասեր իր սիրտն ցավում է, երբ անգամ ինչ որ հարցում թերացումներ է տեսնում և ուզում է դրանք անմիջապես շտկել: Բարեգործությունը իր համար բնականոն է, քանի որ օգնում է հայ մանուկին: 

Այսօր անձամբ ականատես էի, թե ինչպես է նա մասնակցում երեխաների խաղասրահի հերթական մաքրմանը: Անձամբ հատուկ հեղուկներով մաքրում էր խաղալիքները, որպեսզի վերջիններս լինեն ստերիլ: Մի՞թե իրեն կարելի է հարցնել , թե արդյո՞ք նա իրեն հայ համարում է , թե՞ ոչ: Ինձ թվում է պատասխանն ակնհայտ է: Շատ  ժամանակ մենք լինելով բնիկ հայ անգամ չենք անում այն փոքր առաքինություններն, որոնք հավատացե՛ք կջերմացնեն և կսփոփեն մեր հոգիները: Սինթիա Կազանջյանը իր օրինակով ապացուցում է, որ հայը՝ որտեղ էլ նա ապրի և մեծանա՝ Ամերիկայի Միացյալ նահանգներում, թե ավելի հեռու, միևնույնն է հայ է մնում և  «Արյունը Ջուր Չի Դառնում»: 

Սինթիա Կազանջյանն մաղթում է ընթերցողին, որ ուժեղ լինեն, չվհատվե՛ն: Վերջինս  դեռևս շատ անելիքներ ունի և մենք ուրախ ենք, որ նա այստեղ է՝ մեր կողքին, փոխանցում է իր փորձը և պարզապես սատարում է միայն այն գաղափարի առկայությունը, որ մենք հայ ենք, միշտ միասնական ենք և մենք ուժեղ ենք: Ո՛չ եղեռն և ո՛չ էլ քաղցկեղը անգամ մեզ համար սարսափ չեն:

Եվ ինչ էլ որ հանդիպի ձեր կյանքի ճանապարհին միշտ հիշե՛ք՝ « Հուսահատության ծիլերը պետք չէ ջրել»:

 

Հեղինակ՝ Գալինա Ստեփանյան: