Երևանում Անցկացվեց «Դու մենակ չես» խորագրով առողջապահական համաժողով
28/11/2016 23:31

Երևանում Անցկացվեց «Դու մենակ չես» խորագրով առողջապահական համաժողով

Երևանում նոյեմբերի 26-ին անցկացվեց «Դու մենակ չես» խորագրով առողջապահական համաժողով: Համաժողովն անցկացվեց քաղցկեղի դեմ պայքարի Եվրոպական կոալիցիայի հայաստանյան ներկայացուցչության՝ «Եվրոպա Դոննա Արմենիա»-ի, նախաձեռնությամբ։

Համաժողովի ընթացքում տեղ էին գտել ուռուցքաբանների զեկույցներ քաղցկեղի առաջացման, բուժման ժամանակակից մեթոդների, գենետիկական նախատրամադրվածության վերաբերյալ, կային նաև քաղցկեղը հաղթահարած մարդկանց՝ վերապրածների զեկույցներ, քննարկվեցին բժշկական ոլորտի լուսաբանմանը, ԶԼՄ-ների ներգրավվածությանը վերաբերող, ինչպես նաև հոգեբանական և իրավաբանական հարցեր: Ինչպես տեղեկացրեց «Եվրոպա Դոննա Արմենիա»-ի ներկայացուցիչ Նվարդ Քոչարյանը, ֆորումի գլխավոր նպատակն էր համախմբվել, միավորվել, միասին պայքարել քաղցկեղի դեմ, հստակ տեղեկատվություն տրամադրել Հայաստանի բնակչությանը:

Ֆորումին ներկա գտնվող հիվանդները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել բժիշկներին: Նախատեսված էր փոքրիկ միջոցառում բուժման ընթացքում գտնվող կանանց համար և զրույցներ լրագրողների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին մեդիաների ներգրավված լինելու կարևորության, ճշգրիտ և գրագետ տեղեկատվություն տարածելու թեմաներ։Անդրանիկ ֆորումին ողջույնի խոսքով հանդես եկան առողջապահության փոխնախարար պարոն Սերգեյ Խաչատրյանը, ԵԲՀԱ նախագահ Գևորգ Գրիգորյանը, սիրված երգահան Էդգար Գյանջումյանը Եվրոպա Դոննա Արմենիայի նախագահ Նվարդ Քոչարյանը....Բժշկական թեմատիկ զեկույցներով հանդես եկան բժիշկներ Լիանա Սաֆարյանը, Գևորգ Թամամյանը, Ստեփան Աթոյանը, Արթուր Ավետիսյանը, առողջ ապրելակերպի մասին խոսեց Արթուր Մկրտչյանը, պացիենտներին քաջալերեց Սուսաննա Սերոբյանը, հոգեբանական թեմաներով խոսեց Աննա Բաղդասարյանը: Ֆորումային մասը վարեցին Սաթենիկ Մկրտչյանը, Գևորգ Գրիգորյանը և Սուսաննա Սերոբյանը: Հնչեցին կոչեր, փոքրիկ հաղթահարածների պարգևատրում և պարզապես դրական մթնոլորտ:

«Եվրոպա Դոննա Արմենիան» ստեղծվել է 2015թ. հունվարին և Եվրոպա Դոննա Կրծքագեղձի Քաղցկեղի Կոալիցիայի Հայաստանյան ներկայացուցչությունն է: Կազմակերպությանն անդամակցում են ևս 46 երկրներ և բոլորս միասին պայքարում ենք կրծքագեղձի քաղցկեղի՝ 21-րդ դարի չարիքի դեմ:

Եվրոպական փորձը, եվրոպական մտածելակերպը, հիվանդության դեմ պայքարը և մոտեցումները էապես տարբերվում են, սակայն կարևոր դեր ունեն մեր բնակչության համար:

Արդեն շուրջ երկու տարի է ինչ Հայաստանում գործում է «Եվրոպա Դոննա Արմենիա» քաղցկեղի դեմ պայքարի Իտալիայի Կոալիցիայի Հայաստանյան ներկայուցչությունը, որն իր տեսակով առաջինն է մեր երկրում։ «Եվրոպա Դոննա Արմենիան» շուրջ 2 տարի է, ինչ աջակցում, սատա է կանգնում շատ ու շատ մարդկանց, ովքեր , իրոք, ունեն դրա կարիքը, վերջիններս նրանց կողքին են թե՛ հոգեպես ՝ մտերմիկ զրույցներով, քաջալերելով ու հուսադրելով, և թե՛ ֆիզիկապես՝ փորձելով օգնություն ցուցաբերել իր հնարավորությունների սահմանում: Սա միջոցառումներից մեկն էր ,որը հուսով ենք ինչպես և միշտ շարունակական բնույթ է կրելու, քանի որ «Եվրոպա Դոննա Արմենիան» արդեն վաղուց է ապացուցել է, որ մեր կողքին է և չի պատրաստվում մեզ միայնակ թողնել։