Յուինգի սարկոմա
29/09/2019 14:12

Յուինգի սարկոմա

Քաղցկեղ ախտորոշումը  սթրեսային է ցանկացած տարիքում, սակայն այն հատկապես շփոթեցնող է, երբ հանդիպում է երեխաների մոտ։ Մենք որոշեցինք հակիրճ անդրադարձ կատարել ոսկրերը և փափուկ հյուսվածքներն ախտահարող Յուինգի սարկոմա հիվանդությանը, որն առավել հաճախ հանդիպում է երեխաների շրջանում։ Cancer.am-ի հարցերին պատասխանեց Հայաստանի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի մանկական ուռուցքաբան Ռուզաննա Պապյանը

Ի՞նչ է իրենից ներկայացնում Յուինգի սարկոման։

-Յուինգի սարկոման չարորակ հիվանդություն է որը պատկանում է Յուինգի սարկոմայի ընտանիքի ուռուցքներին և բնութագրվում է ոսկրերի կամ փափուկ հյուսվածքների ախտահարմամբ։

Ո՞ր տարիքային խմբում է այն առավել հաճախ հանդիպում։

-Այն առավել հաճախ հանդիպում է 10-15 տարեկան երեխաների մրջանում։

Ինչպիսի՞ն է հանդիպման հաճախականությունը Հայաստանում։

-Հայաստանում տարեկան գրանցվում է  Յուինգի ընտանիքի ուռուցքների մոտավորապես 4-5 դեպք։

Ի՞նչ ախտանշաններ են բնորոշ այս հիվանդությանը։

-Երբեմն սկզբնական շրջանում որևէ գանգատ չի լինում։ Կլինիկական ախտանշանները կախված են տեղակայումից։ Կարող է լինել շոշափվող գոյացություն, ոչ հազվադեպ` ցավ, ախտաբանական կոտրվածքներ։ Հնարավոր է տենդ, քաշի անկում, ախորժակի նվազեցում։

Ի՞նչ հետազոտություններով է այն ախտորոշվում։

-Հիվանդության ախտորոշման համար կիրառվող հետազոտության մեթոդներն են՝ ռենտգեն հետազոտությունը, համակարգչային շերտագրությունը, մագնիսառեզոնանսային շերտագրությունը, կմախքի սցինտիգրաֆիկ հետազոտությունը, ոսկրածուծի պունկցիան և բիոպսիան։ Վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է գոյացության բիոպսիա հետագա հյուսվածքաբանական և իմունահիստոքիմիական քննությամբ։

Որո՞նք են Յուինգի սարկոմայի բուժման մեթոդները։

- Յուինգի սարկոմայի դեպքում կիրառվում են դեղորայքային, վիրահատական և/կամ ճառագայթային բուժում՝ կախված տեղակայումից, վիճակից և հիվանդության ստադիայից։