Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
29/09/2019 14:12

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ

Ի՞նչ է իրենից ներկայացնում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը, և որո՞նք են հիվանդության ռիսկի գործոնները։

-Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը համարվում է կլինիկորեն ուշ արտահայտվող և ուշ ախտորոշվող հիվանդություն, որն ունի արագ պրոգրեսիվող և ագրեսիվ ընթացք։ Այն պոլիէթիոլոգիկ հիվանդություն է, որի զարգացման մեջ նշանակություն ունեն ժառանգական նախատրամադրվածությունը, ծխելը, ալկոհոլի օգտագործումը, խրոնիկ պանկրեատիտի, շաքարային դիաբետի առկայությունը, պրոֆեսիոնալ կանցերոգենների ազդեցությունը (նավթաթորման, փայտամշակման, թղթի արտադրությունում աշխատողներ)։

Ինչպիսի՞ն է հիվանդության հանդիպման հաճախականությունը Հայաստանում։

-ՀՀ-ում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հանդիպման հաճախականությունը նույնն է ինչ ամբողջ աշխարհում, այն զբաղեցնում է 4-րդ տեղը։

Ո՞ր սեռի մոտ է այն առավել հաճախ առաջանում։

-Ըստ նորագույն տվյալների երկու սեռերի մոտ հանդիպում է գրեթե նույն հաճախականությամբ։ Նախկինում միշտ նշվում էր տղամարդկանց առավել բարձր հիվանդացություն։

Ի՞նչ ախտանշաններ են բնորոշ քաղցկեղի այս տեսակին։

-Կլինիկական պատկերը ոչ սպեցիֆիկ է, ինչպես չարորակ նորագոյացությունների մեծամասնության դեպքում։ Առավել հաճախ հանդիպող կլինիկական նշաններն են որովայնի շրջանի ցավերը (60-90%), դեղնուկը, դիսպեպտիկ երևույթները, քաշի կորուստը, աղիների ֆունկցիայի խանգարումները (փորկապություն, փորլուծություն, մետեորիզմ), խրոնիկ պանկրեատիտի, շաքարային դիաբետի պատկերը։ Հիվանդությունը կարող է ուղեկցվել նաև անոթների բազմակի թրոմբոզներով (Տրուսոյի համախտանիշ), որը դրսևորվում է որպես պարանեոպլաստիկ սինդրոմ և կարող է հիվանդների մահվան անմիջական պատճառ հանդիսանալ։

Ինչպե՞ս է ախտորոշվում այս հիվանդությունը։

-Ախտորոշումը համալիր է։ Ներառում է կլինիկա-լաբորատոր և գործիքային հետազոտությունների համադրում։ Ամենահաճախ կիրառվող հետազոտություններին են պատկանում արյան մեջ CEA; CA19-9 ուռուցքային մարկերների որոշումը, որոնց բարձրացում դիտվում է հիվանդների 75-85Ջ-ի մոտ։ Հաճախ կիրառվող հետազոտություններ են նաև ռենտգենաբանական, ուլտրաձայնային հետազոտությունները, ֆիբրոգաստրոդուոդենոսկոպիան, կոմպյուտերային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիաները՝ ներերակային կոնտրաստավորումով (համարվում են ախտորոշման ընտրության մեթոդներ), պոզիտրոն-էմիսիոն տոմոգրաֆիան (PET, մետաստազների պատկերավորման առավել զգայուն եղանակն է), էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիան, էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտությունը, պունկցիոն բիոպսիան՝ ՈՒՁՀ կամ ԿՏ հսկողությամբ, լապարասկոպիա բիոպսիայով։ Վերջնական ախտորոշումը կատարվում է բիոպտատի հյուսվածաբանական քննությամբ։

Որո՞նք են ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի բուժման մեթոդները։

-Ցանկացած նոր ախտորոշված դեպք ենթակա է մուլտիդիսցիպլինար քննարկման, որի արդյունքում որոշվում է հիվանդի բուժման տակտիկան։ Կախված փուլից ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքում կիրառելի են և՛ քիմիաթերապիան, և՛ վիրահատական, և՛ ճառագայթային բուժումները։

Ինչպիսի՞ն են այս հիվանդության ապրելիության ցուցանիշները աշխարհում և Հայաստանում։

-Մեծապես կախված է հիվանդության փուլից։ Սակայն միջինացված 5-ամյա ապրելիությունը բոլոր փուլերի համար ըստ Ամերիկյան ուռուցքաբանության միության տվյալների կազմում է ընդամենը 7%: