Բերանի խոռոչի խնամքը հակաուռուցքային բուժումից առաջ, բուժման ընթացքում և բուժումից հետո
25/05/2019 18:36

Բերանի խոռոչի խնամքը հակաուռուցքային բուժումից առաջ, բուժման ընթացքում և բուժումից հետո

Հակաուռուցքային բուժում ստացող  պացիենտների բերանի խոռոչը կարող է տարբեր փոփոխությունների ենթարկվել։ Այս ինֆորմացիան կօգնի կանխարգելել հակաուռուցքային բուժման հնարավոր կողմնակի էֆեկտները կամ նվազագույնի հասցնել բերանի խոռոչի փոփոխությունները։

Սննդի ընտրություն

Բալանսավորված սնունդը չափազանց կարևոր է ինֆեկցիայի դեմ պայքարելու համար։ Այն նույնպես նպաստում է լորձաթաղանթի ամբողջականությունը պահպանելուն և կանխարգելում է առկա լնդաբորբի սրացումը։ Սակայն, որոշ սննդատեսակներ կարող են վնասել լորձաթաղանթը, հետևաբար շատ կոշտ և դժվար մանրեցվող սնունդից պետք է ժամանակավորապես հրաժարվել։ Շատ աղի, թթու և կծու սննունդը նույնպես կարող է վնասել լորձաթաղանթը։

Ատամների մաքրում

Կախված բերանի խոռոչի վիճակից ատամները պետք է խոզանակել փափուկ խոզանակով օրը 2-4 անգամ, նախընտրելի է սնունդ ընդունելուց հետո և քնելուց առաջ։ Անհրաժեշտ է համոզված լինել, որ ատամի բոլոր մակերեսները, անգամ դժվար հասանելի հատվածները մանրամասնորեն մաքրված են։ Եթե այդ պրոցեսը ցավոտ է, խոզանակը կարելի է ժամանակավորապես փոխարինել հատուկ սպունգով՝ հաշվի առնելով, որ այն ամբողջովին չի կարող փոխարինել խոզանակին։

Խոզանակն անհրաժեշտ է փոխել 1-2 ամիսը մեկ անգամ (կամ ավելի հաճախ)։

Էմալը պաշտպանելու նպատակով խորհուրդ է տրվում օգտագործել ոչ աբրազիվ ֆտոր պարունակող ատամնամածուկ (1000-1500 ppm):  

Միջատամնային տարածությունները անհրաժեշտ է մաքրել ատամնաթելի օգնությամբ, սակայն այդ գործողությունը  խորհուրդ չի տրվում այն պացիենտներին, որոնց լորձաթաղանթը համեմատաբար ավելի խոցելի է (տրոմբոցիտոպենիայի դեպքում)։

Պրոթեզներ

Մասնակի և ամբողջական պրոթեզներ կրող պացիենտները պիտի համոզված լինեն, որ պրոթեզները հարմարավետ են և չեն վնասում լորձաթաղանթը։ Պրոթեզները պետք է լվանալ յուրաքանչյուր սննդի ընդունումից հետո և խոզանակել առնվազն օրը 2 անգամ։ Քիմիաթերապիայի ընթացքում պրոթեզները պետք է կրել հնարավորինս քիչ և կարճատև։

Ողողման հեղուկներ

Բերանի խոռոչի ողողման հեղուկները կարող են օգտագործվել տարբեր նպատակներով, օրինակ՝ հիգիենայի, ինֆեկցիայի կանխարգելման, բերանի խոռոչի խոնավեցման կամ ցավի նվազեցման նպատակով։ Նվազագույնը անհրաժեշտ է ողողել բերանի խոռոչը գոլ ջրով, կամ 0.9% NaCl-ի կամ Na2CO3 լուծույթով օրը 3-4 անգամ խոնավեցնելու նպատակով։

Խորհուրդ չի տրվում օգտագործել ալկոհոլ պարունակող ողողման հեղուկներ։

Շրթունքների և բերանի խոռոչի չորություն

Շրթունքները խոնավեցնելու նպատակով խորհուրդ է տրվում շրթունքների քսուկի կամ վազելինի օգտագործումը։

Բերանի խոռոչի չորությունը կանխելու համար անհրաժեշտ է պարբերաբար ողողել վերը նշված հեղուկներով, կամ օգտագործել բերանի խոռոչի սփռեյ (նույն հեղուկներով)։

Կարելի է օգտագործել թքի փոխարինողներ (վաճառվում են դեղատներում)։

Շաքար չպարունակող մաստակի օգտագործումը նույնպես կարող է օգտակար լինել։

Նախքան քիմիաթերապիան

Անհրաժեշտ է այցելել ստոմատոլոգի՝ ինֆեկցիայի հնարավոր օջախները հայտնաբերելու և բուժելու նպատակով

Ատամներ հեռացումն անհրաժեշտ է կազմակերպել քիմիաթերապիան սկսելուց առնվազն մեկ շաբաթ առաջ

Ցանկալի է բուժել բոլոր կարիեսները և դրա բարդությունները

Ցանկալի է հեռացնել ատամնաքարերը և ատամնափառը, կատարել էմալի հղկում

Անհրաժեշտության դեպքում էմալը հագեցնել ֆտորով

Քիմիաթերապիայի ընթացքում 

Օգտագործել փափուկ խոզանակ

Չօգտագործել ատամնաթել, եթե լինդը արնահոսում է

Պրոթեզները կրել միայն սնունդ ընդունելիս

Ողողել բերանի խոռոչը գոլ ջրով, թույլ աղային (0.9% NaCl) լուծույթով կամ կերակրի սոդայի (Na2Co3) թույլ լուծույթով (1 բաժակ գոլ ջրի մեջ լուծել 1 թափակ թեյի գդալ աղ կամ սոդա)

Խուսափել ալկոհոլ պարունակող հեղուկներով ողողելուց

Ցավի պարագայում ուտելուց առաջ վնասված հատվածին քսել ցավազրկող գել (Viscous Xylocaine)՝ ցավային դիսկոմֆորտը կանխելու համար

Կարելի է օգտագործել ցավազրկող դեղահաբեր ուտելուց 30 րոպե առաջ, օրինակ՝ Tylenol։ Կարևոր է խուսափել ասպիրին պարունակող կամ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղորայքից (Advil, Motrin), որոնք կարող են ազդեցություն ունենալ արյան մակարդելիության վրա: Ցանկալի է հաշվի առնել, որ ցանկացած դեղորայք ընդունելուց առաջ անհրաժեշտ է խորհրդակցել բուժող բժշկի հետ

Չծխել և չօգտագործել ալկոհոլային խմիչքներ 

Խուսափել կոշտ, դժվար մանրեցվող և շատ համեմված սննդից

Օրական խմել առնվազն 2լ հեղուկ

Սահմանափակել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը, քանի որ դրանք կարող են նպաստել բերանի խոռոչի չորությանը

Օգտագործել թքի արհեստական փոխարինողներ կամ շաքար չպարունակող մաստակներ բերանի խոռոչի չորության կանխարգելման նպատակով

Քիմիաթերապիայից հետո

Բերանի խոռոչի խնամքն անհրաժեշտ է նույնությամբ շարունակել հակաուռուցքային բուժումն ավարտելուց հետո։ Անհրաժեշտ է հաշվի առնել, որ որոշ ժամանակ թքարտադրությունը կարող է լինել անբավարար, ինչը կարող է նպաստել բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարմանը։

Անհրաժեշտ է․

Այցելել ստոմատոլոգի առնվազն տարին 2-3 անգամ պրոֆեսիոնալ մաքրում կատարելու նպատակով

Օգտագործել ֆտոր պարունակող ատամնամածուկ

Ընդունել բալանսավորված սնունդ

Բերանի խոռոչի չորության պարագայում հետևել վերը նշված խորհուրդներին (ողողում, մաստակ, արհեստական թուք)

Անհրաժեշտ է տեղեկացնել բժշկին, եթե՝

Եթե բերանի խոռոչի ցավը խանգարում է սնունդ ընդունելու կամ հեղուկ խմելու պրոցեսին

Եթե ունեք արնահոսություն բերանի խոռոչից

Եթե կլման ակտը դժվարացած է

Եթե մարմնի ջերմաստիճանը նորմայից բարձր է

 

Նյութը պատրաստվել է Մարինե Մկրտչյանի կողմից՝ օգտվելով հետևյալ աղբյուրներից՝

1. Watkins E, Hospital GE, Pedley K. Guidelines for the Oral Care of Adults Receiving Chemotherapy Treatment Version 2. 2014;(May 2011):1-23.
2. Quinn B et al. First Edition European Oral Care in Cancer Group Oral Care Guidance and Support. 2017:1-17. https://www.cancernurse.eu/documents/EOCCGuidelinesv7.pdf.
3. Dana Farber Cancer Institute. Mouth care for cancer patients. 2018:1-8. http://www.dana-farber.org/health-library/articles/mouth-care-for-cancer-patients/.

Էլ․ հասցե: [email protected]