Որո՞նք են օրգանիզմում քաղցկեղի տարածման պատճառները
10/03/2019 13:59

Որո՞նք են օրգանիզմում քաղցկեղի տարածման պատճառները

Օրագինզմում քաղցկեղի տարածման առաջին և հիմնական պատճառը բջիջների ԴՆԹ մոլեկուլներում առաջացած մուտացիաներն են։ Քաղցկեղային բջջի գենոմում (կորիզում գտնվող ԴՆԹ) առաջացած մուտացիայի կամ այլ խանգարման պատճառով, բջիջը կարող է առանձնանալ հարևան բջիջներից և թափանցել շրջակա հյուսվածքներ։ Գենոմի այլ փոփոխությունների շնորհիվ էլ այն կարողանում է ստեղծել իր ճանապարհը դեպի արյունատար կամ ավշային անոթ, անցնել անոթի պատի միջով և շարժվել դեպի մարմնի այլ հատված, որտեղ այն, մեկ անգամ ևս, հաղթահարում է անոթի պատը և սկսում է աճել ու բաժանվել՝ առաջացնելով երկրորդային ուռուցք կամ մետաստազ։

Այն գեները, որոնք հնարավոր են դարձնում ուռուցքային բջիջների առանձնացումը իրենց առաջացման վայրից և տեղափողումը մարմնի հեռակա մասեր, նորմայում բնորոշ են յուրաքանչյուր բջջի։ Դրանք կարևոր դեր են խաղում կյանքի վաղ փուլերում՝ թույլ տալով բջիջներին շարժվել դեպի իրենց համար նախատեսված հատվածներ զարգացող սաղմում կամ պտղում։ Բայց, ի վերջո, այդ գեները «անջատվում» են՝ թողնելով բջջին անշարժ և օգնելով կապվել համապատասխան հյուսվածքին՝ լինի դա թոքային, նյարդային, մկանային կամ այլ հյուսվածք։ Երբ մուտացիաների կամ այլ գենետիկական խնդիրների պատճառով այդ գեները վերաակտիվանում են, ուռուցքային բջիջները ձեռք են բերում շարժվելու և այլ բջիջների միջև եղած տարածություններ թափանցելու հատկություններ։ Սակայն մետաստազներ առաջացնելու հատկութունը երաշխավորված չէ, անգամ այն ժամանակ, երբ քաղցկեղային բջիջներն արդեն առանձնացել են ուռուցքից։ Նախ, դրանք կարող են ոչնչանալ իմուն համակարգի բջիջների կողմից։ Եվ հետո, շատ գենետիկական փոփոխություններ են պահանջվում ուռուցքային բջիջներին տեղափոխվելու և հեռակա հյուսվածքներում գոյատևելու հատկություններով օժտելու համար։ Դրանք պետք է կարողանան պոկվել իրենց հիմնական հյուսվածքից, ներաճել ու անցնել մեկ այլ հյուսվածքի մեջ, ծակել արյունատար կամ ավշային անոթի պատը, հաղթահարել արյան կամ ավշի հոսքով տեղափոխությունը, հոսանքի հունով ժամանել այլ վայր, «արմատակալել» այնտեղ, սնուցման համար գրավել արյունատար անոթներ, և հարմարվել օտար բջիջների հետ գոյատևմանը։ 

Շատ քիչ քաղցկեղային բջիջներ են տիրապետում այս հատկություններին, դրանց մեծ մասը մահանում են օրգանիզմում ճամփորդելու ընթացքում։ Անգամ նոր հյուսվածքում հաստատվել հաջողացնելու դեպքում, դրանք կարող են երկար տարիներ մնալ ոչ ակտիվ վիճակում։ 

Քանի որ մետաստատիկ ուռուցքային բջիջներն օժտված են այնպիսի գենետիկական մուտացիաներով, որոնք թույլ են տալիս գոյատևել իրենց առաջացման վայրից տարբերվող պայմաններում, դրանք մոլեկուլային մակարդակով տարբերվում են առաջնային ուռուցքի բջիջներից։ Որպես արդյունք, դրանք կարող են ավելի քիչ զգայուն լինել ուռուցքի դեմ կիրառվող դեղորայքի հանդեպ։ Սա, առաջնային ուռուցքների համեմատ, մետաստատիկ քաղցկեղների ավելի դժվար բուժման հիմնական պատճառներից մեկն է։ 

Մետաստազներ առաջացնելու ունակությունը արտացոլում է քաղցկեղային բջջի գենետիկական հնարավորություններն ու շրջակա միջավայրն օգտագործելու կարողությունները։ Նորմալ պայմաններում պտղի զարգացումն ապահովող գեները վերափոխված են ուռուցքային բջիջների առաջնային ուռուցքից հեռու բնակության հաստատումն ապահովելու համար։ Արյունատար և ավշային անոթները, որոնք տեղափոխում են սննդանյութեր, իմուն համակարգի բջիջներ և այլ կարևոր տարրեր, օգտագործվում են ուռուցքային բջիջների կողմից, որպես մարմնի այլ մասեր հասնելու ճանապարհներ։ Արյունատար անոթներին հասանելիություն ունենալու համար՝ առողջ բջիջների կողմից արտարդրվող նյութերը յուրացվում են ուռուցքային բջիջների կողմից՝ իրենց իսկ սնուցման համար։

Կրծքագեղձի քաղցկեղի բջիջները

Քանի որ մետաստազը ներառում է հեռակա հյուսվածքներում քաղցկեղային բջջի հարմարվելու և գոյատևելու ունակությունը, քաղցկեղի վերբերյալ հետազոտությունների մի խոշոր ճյուղ նպատակ ունի կայուն դարձնել հյուսվածքները քաղցկեղային բջջի ազդեցության հանդեպ։ Դանա-Ֆարբեր Քաղցկեղի Կենտրոնում, օրինակ, գիտնականները հայտնաբերել են մի բաղադրիչ, որը կենդանիների մոտ կարող է կանխել միելոմային հիվանդության տարածումը ոսկրեր։ Մեկ այլ հետազոտություն ուղղված է իմուն համակարգի միջոցով քաղցկեղի հետվիրահատական մետաստազների առաջացման կանխարգելմանը։