Արյան հետազոտություններ
25/11/2018 20:06

Արյան հետազոտություններ

Ի՞նչ է արյան ընդհանուր քննությունը

Արյան ընդհանուր քննությունը հաճախ կիրառվող հետազոտություն է, որով գնահատվում է արյան մեջ լեյկոցիտների, էրիթրոցիտների և թրոմբոցիտների պարունակությունը։ Արդյունքները կարող են օգնել արյան քաղցկեղների ախտորոշմանը, պատկերացում կազմել ոսկրածուծի և բուժման կողմնակի էֆֆեկտների մասին։

Ի՞նչ է լեյկոցիտների քանակությունը

Լեյկոցիտները արյան սպիտակ բջիջներն են, որոնց քանակությունը որոշվում է արյան նմուշում։ Լեյկոցիտները պաշտպանում են օրգանիզմը ինֆեկցիաներից՝ ոչնչացնելով ախտածին բակտերիաները, վիրուսները և այլ օտար մարմիններ։ Որպես հավելում, որոշ լեյկոցիտներ գրոհում են քաղցկեղային բջիջների վրա։ 

Ի՞նչ է լեյկոցիտների տարբերակումը

Տարբերում են լեյկոցիտների 5 տեսակներ՝ նեյտրոֆիլներ, լիմֆոցիտներ, մոնոցիտներ, էոզինոֆիլներ և բազոֆիլներ։ Դրանցից յուրաքանչյուրն ունի իր դերը ինֆեկցիաների դեմ պայքարում։ Քաղցկեղի որոշ տեսակներով մարդկանց մոտ հնարավոր է լիմֆոցիտների կամ մոնոցիտների նորմայից բարձր կամ ցածր քանակություն։ Որպես հավելում, քաղցկեղի այն տեսակները, որոնք ներգրավում են արյունը կամ ոսկրածուծը, ինչպես նաև քաղցեղի բուժման որոշ տեսակներ, կարող են հանգեցնել լեյկոցիտների քանակության և նեյտրոֆիլների բացարձակ քանակության իջեցման։ Այս վիճակները բարձրացնում են ինֆեկցիոն հիվանդությունների զարգացման ռիսկը։

Ի՞նչ է էրիթրոցիտների քանակությունը

Էրիթրոցիտները արյան կարմիր բջիջներն են, որոնք օրգանիզմին մատակարարում են թթվածին։ Էրիթրոցիտների քանակությունը որոշվում է արյան նմուշում և հաճախ օգտագործվում է անեմիաների (էրիթրոցիտների նորմայից ցածր պարունակություն) ախտորոշման համար։ Էրիթրոցիտների քանակության որոշումը կարող է նկարագրվել տարբեր եղանակներով։ Հաճախ կիրառվող ցուցանիշ է հեմոգլոբինի քանակությունը։ Վերջինս երկաթ պարունակող սպիտակուց է, որը կապում է թթվածին։ Հեմատոկրիտ կոչվող ցուցանիշը ցույց է տալիս էրիթրոցիտների տոկոսային պարունակությունը արյան ծավալում։

Ի՞նչ է թրոմբոցիտների քանակությունը

Թրոմբոցիտները կանգնեցնում են արյունահոսությունը՝ մասնակցելով արյան մակարդուկի առաջացմանն ու վնասված անոթների խցանմանը։ Քաղցկեղի այն տեսակները, որոնք ախտահարում են արյունն ու ոսկրածուծը, ինչպես նաև քաղցկեղի բուժման որոշ տեսակներ, կարող են իջեցնել թրոմբոցիտների պարունակությունը՝ առաջացնելով թրոմբոցիտոպենիա կոչվող վիճակը, ինչը բարձրացնում է արյունահոսության և կապտուկների առաջացման ռիսկը։

Հարցեր բուժ անձնակազմին տալու համար

Կանոնավոր հաղորդակցության ապահովումը կարևոր դեր ունի Ձեր առողջության մասին տեղեկացված որոշումներ կայացնելու հարցում:  Տվե՛ք Ձեր բուժ անձնակազմին հետևյալ հարցերը՝

 

Արդյո՞ք քաղցկեղը կամ իմ բուժումը ռիսկի գործոններ են ինձ մոտ նեյտրոպենիայի, անեմիայի և/կամ թրոմբոցիտոպենիայի առաջացման համար;

 

Արյան ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել Ի՞նչ են Ձեզ ասելու դրանց արդյունքները իմ առողջության մասին;

 

Որտե՞ղ և ինչպե՞ս են կատարվել հետազոտությունները;

 

Արդյո՞ք պետք է խուսափել ուտելուց կամ խմելուց հետազոտությունից առաջ։ Եթե այո, ապա ինչքա՞ն ժամանակ;

 

Ի՞նչ են նշանակելու արդյունքները։ Ո՞վ է ինձ բացատրելու արդյունքները;

 

Եթե իմ արդյունքները նորմայի սահմաններում են, ո՞րն է լինելու հաջորդ քայլը;

 

Եթե իմ արդյունքները նորմայի սահմաններից դուրս են, ո՞րն է լինելու հաջորդ քայլը;

 

Որո՞նք են իմ բուժման ցուցումները, եթե ես ունեմ նեյտրոպենիա, անեմիա կամ թրոմբոցիտոպենիա;

 

Ինչպիսի՞ն են այս անգամ իմ արդյունքները` նախորդ հետազոտության համեմատ;

 

Կունենա՞մ արդյոք լրացուցիչ հետազոտությունների կարիք։ Եթե այո, ապա ե՞րբ;

 

Ու՞մ եմ դիմելու հարցերի կամ խնդիրների դեպքում;

 

Կա՞ն արդյոք չքննարկված հարցեր։

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Մանվելի Ռուշանյանի կողմից: