Կաթետերների և պորտ համակարգերի դերը քաղցկեղի բուժման մեջ
03/11/2018 14:37

Կաթետերների և պորտ համակարգերի դերը քաղցկեղի բուժման մեջ

Ի՞նչ են կաթետերները և պորտ համակարգերը

Կաթետերները երկար, նեղ, սնամեջ խողովակներ են պատրաստված փափուկ պլաստիկ նյութից, որոնք տեղադրվում են երակներում: Դրանք կիրառվում են արյան փոխներարկման, դեղամիջոցներ, և այլ հեղուկներ ներարկելու համար: Կարող են օգտագործվել նաև արյան նմուշ վերցնելու համար: Դեղորայքը տրվում է կաթետերին միացված փոքրիկ սարքով: Հնարավոր է կաթետերի տեղադրումն ամբողջությամբ մաշկի տակ։ Այդ դեպքում այն միացվում է մետաղական և պլաստիկ սկավառակին, որը կոչվում է պորտ: Ամբողջական սարքը կոչվում է պորտ համակարգ (պորտակաթ՝ port-o-cath)։ Անհրաժեշտության դեպքում այն կարող է տեղադրված մնալ տարիներ:

Կաթետերների ինչպիսի՞ տեսակներ կան

Ամենահաճախ կիրառվող տեսակը ծայրամասային երակային կաթետերն է: Այն կարճ կաթետեր է, որը դրվում է նախաբազկի կամ դաստակի երակներում: Այն կարելի է թողնել մինչև 3 օր: Ծայրամասից տեղադրվող կենտրոնական երակային կաթետերը դրվում է արմունկի մոտ՝ խոշոր երակում։ Կենտրոնական տեղադրման դեպքում կաթետերները դրվում են ենթանրակային կամ պարանոցի շրջանում գտնվող խոշոր երակներում: Խողովակն անցնում է մաշկի տակով, մինչև մարմնից դուրս գալու հատվածը (սովորաբար՝ կրծքավանդակի վերին հատված)։ Բժիշկը դեղորայքը ներմուծում է սարքի հենց այդ հատվածից։ Սարքը կարող է մնալ տեղում շաբաթներ կամ ամիսներ:

Որո՞նք են կաթետերի կամ պորտի առավելությունները

Կաթետերը և պորտը նվազեցնում են ասեղի ծակոցներով ներարկումներ կատարելու անհրաժեշտությունը։ Նրանք նաև թույլ են տալիս մեկից ավել դեղորայքի միաժամանակյա կիրառում։ Կաթետերները պակասեցնում են մաշկի և մկանների վնասման ռիսկը, որոնք կարող են լինել  քիմիաթերապևտիկ որոշ դեղամիջոցների երակից դուրս լցվելու պարագայում, կանխում են արյունահոսական խնդիրներ ունեցող հիվանդների մոտ ավելորդ կապտուկների և արյունահոսությունների առաջացումը և թույլ են տալիս բուժում ստանալ նաև տանը:

Ինչպե՞ս պետք է վարվել կաթետերի կամ պորտի հետ

Կաթետերի կամ պորտի ճիշտ խնամքը կպակասեցնի կողմնակի երևույթների զարգացումը, ինչպիսիք են՝ ինֆեկցիաները, խցանումները կամ մակարդումները, և կաթետերի տեղաշարժը: Ծայրակալով կաթետերների դեպքում պետք է խնամել խողովակի մարմնից դուրս գալու հատվածի մաշկը։ Այդ կաթետերները պետք է լվացվեն ստերիլ հեղուկով ամեն օր՝ խցանումից խուսափելու համար: Պորտը պահանջում է ավելի քիչ խնամք, քանի որ այն ամբողջությամբ տեղադրված է մաշկի տակ: Ճշտե՛ք Ձեր բուժ անձնակազմից, թե ինչպիսի հատուկ ձևեր կան կաթետերի կամ պորտի խնամքի համար:

Կաթետերի կամ պորտի հետ կապված խնդիրների մասին վկայող ի՞նչ նշաններ կան

Անմիջապես կապ հաստատեք Ձեր բժշկի հետ կաթետերի կամ պորտի հարակից շրջանի կարմրելու, այտուցվելու, կապտելու, տաքանալու կամ ցավոտ դառնալու դեպքում: Ինչպես նաև, տեղադրման վայրից արյունահոսության, տենդի, դժվարաշնչության, գլխապտույտի, կաթետերի մարմնից դուրս գտնվող հատվածի երկարելու կամ խցանման կասկածի դեպքում: 

Հարցեր բուժ անձնակազմին տալու համար

Կանոնավոր հաղորդակցության ապահովումը կարևոր դեր ունի Ձեր առողջության մասին տեղեկացված որոշումներ կայացնելու հարցում:  Տվե՛ք Ձեր բուժող անձնակազմին հետևյալ հարցերը՝

Ինչո՞ւ եք առաջարկում կաթետերի կամ պորտի տեղադրում;

Որո՞նք են կաթետերի կամ պորտի ռիսկերն ու առավելությունները;

Կփակի՞ արդյոք իմ բժշկական ապահովագրությունը կաթետերի կամ պորտի տեղադրման հետ կապված ծախսերը;

Լինելո՞ւ է արդյոք  անզգայացում կաթետեր կամ պորտ տեղադրելիս; եթե այո, ապա ինչպիսի՞ անզգայացում է լինելու:

Որքա՞ն կտևի միջամտությունը։ Որքա՞ն ժամանակ եմ անցկացնելու հիվանդանոցում:

Որքա՞ն ժամանակ է կաթետերը կամ պորտը մնալու տեղում:

Կա՞ արդյոք հատուկ խնամք կաթետերի կամ պորտի համար:

Կարո՞ղ եմ ապրել կանոնավոր կյանքով՝ լողանալ, անել վարժություններ:

Ինչպիսի՞ նշաններ կվկայեն կաթետերի կամ պորտի հետ կապված խնդիրների մասին:

Ու՞մ դիմել կաթետերի կամ պորտի հետ կապված խնդրի դեպքում:

Կա՞ն արդյոք այլ չճշտված հարցեր:

 

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարտին Գագիկի Հարությունյանի կողմից: