Սննդի հիգիենան և քաղցկեղի բուժումը
29/10/2018 23:30

Սննդի հիգիենան և քաղցկեղի բուժումը

Ինչու՞ պետք է քաղցկեղով հիվանդներն առավել զգոն լինեն սննդային թունավորումների նկատմամբ 

Սննդային թունավորումներն առաջանում են, երբ մարդն ընդունում է սնունդ, որում կան տարբեր ախտածիններ՝ բակտերիաներ, մակաբույծներ, վիրուսներ, տարբեր տոքսիններ: Դրանք կարող են լուրջ հետևանքներ ունենալ, երբեմն նույնիսկ կյանքին սպառնացող՝ հատկապես քաղցկեղ ունեցող մարդկանց դեպքում, ովքեր ունեն թուլացած իմունային համակարգ։

Ի՞նչն է սննդային թունավորումների պատճառը

Հիմնական պատճառը չմշակված, հում մթերքն է։ Սննդի լվացումը մինչև օգտագործումը վերացնում է բակտերիաները: Ճիշտ պատրաստումը ոչնչացնում է բակտերիաները, թեև դրանք կարող են ի հայտ գալ, եթե մթերքը չսառեցվի երկար ժամանակ։ Որոշ բակտերիաներ կարող են ի հայտ գալ նաև սառնարանում, եթե մթերքը մնա այդտեղ շատ երկար: Սնունդը կարող է նաև վարակվել, երբ վարակակիրը դիպչի մթերքին: Հարցրեք Ձեր բուժ. անձնակազմին, թե որ մթերքներից է պետք  խուսափել բուժման ընթացքում։

Հիմնական ախտածինները, որոնք առաջացնում են սննդային թունավորումներ ներառում են՝ Լիստերիան, Աղիքային ցուպիկը, Սալմոնելլան, Կամպիլոբակտերը, Նորովիրուսը, Կլոստրիդիում պերֆրինգենսը, Կրիպտոսպորիդիումը, Վիբրիո վուլնիֆիկուսը և Տոքսոպլազման;

Որո՞նք են սննդային թունավորման հիմնական ախտանիշները

Ախտանիշները լինում են տարբեր կախված ախտածնից։ Ամենահաճախ հանդիպող ախտանիշներն են՝ փորլուծությունը, ստամոքի ցավերը կամ կծկանքները, սրտխառնոցը, փսխումը և տենդը։ Որոշ մարդկանց մոտ լինում են գլխացավեր, մկանացավեր և այլն։ Ախտանիշները կարող են սկսվել ուտելուց հետո մի քանի ժամից մինչև 10 և ավելի օր անց։ Հիմնականում ախտանիշներն ի հայտ են գալիս առաջին կամ երկրորդ օրերին։

Ինչպե՞ս կանխել սննդային թունավորումները

Խուսափե՛ք այնպիսի մթերքներից, որոնք ունեն սննդային թունավորում առաջացնելու բարձր ռիսկ և հետևե՛ք սննդի պահպանմանը, գործածմանը, պատրաստմանը։ Սննդի հիգիենան ներառում է՝ ձեռքերը հաճախ լվանալը, ջրհորի ջրից խուսափելը կամ այն եռացնելը, մրգերն ու բանջարաղենը լավ լվանալ, հում միսը և դրա հյութը այլ մթերքներից հեռու պահելը, հում մսի հետ շփման մեջ եղած պարագաները և մակերեսները ճիշտ մաքրելը, մթերքը ինչպես հարկն է հալեցնելը, սնունդը ճիշտ ջերմաստիճանում պատրաստելը, շուտ փչացող մթերքը ճիշտ ժամանակին սառեցնելը, և հին մթերքը դեն նետելը։ Եթե ունեք նեյտրոպենիա, խուսափե՛ք դրսում կամ հանրային սննդի կետերում սնվելուց;

Ինչպե՞ս են բուժվում սննդային թունավորումները

Քաղցքեղով հիվանդներն ունեն ծանր հիվանդությունների առաջացման բարձր ռիսկ։ Անմիջապես կապ հաստատեք Ձեր բժշկի հետ սննդային թունավորման դեպքում, քանի որ վաղ բուժումը կարևոր է։ Ընդունեք շատ հեղուկներ: Սուր սննդային թունավորման բուժումը ներառում է ներերակային հեղուկների ընդունում: Բժիշկը կարող է նաև խորհուրդ տալ սուր փորլուծությունը վերահսկելու համար նախատեսված դեղամիջոցներ կամ որոշակի խումբ բակտերիաների վրա ազդող հակաբիոտիկներ։

Հարցեր բուժ անձնակազմին տալու համար

Կանոնավոր հաղորդակցության ապահովումը կարևոր դեր ունի Ձեր առողջության մասին տեղեկացված որոշումներ կայացնելու հարցում:  Տվե՛ք Ձեզ բուժող անձնակազմին հետևյալ հարցերը՝

 

Ունե՞մ արդյոք սննդային թունավորման բարձր ռիսկ։ Եթե այո ինչքա՞ն ժամանակ կշարունակվի;

Ի՞նչ քայլեր ձեռնարկել սննդային թունավորումները կանխելու համար;

Ո՞ր մթերքներն են պահանջում հատուկ մշակում սննդային թունավորումը կանխելու համար;

Թուլացած իմունային համակարգի դեպքում ինչպիսի՞ մթերքներից խուսափել և որքա՞ն ժամանակ;

Որո՞նք են սննդային թունավորման ախտանիշները;

Ու՞մ դիմել սննդային թունավորման կասկածի դեպքում;

Ի՞նչ բուժում խորհուրդ կտաք սննդային թունավորման համար;

Ինչպե՞ս կանխել ջրազրկումը;

Կա՞ն այլ չճշտված հարցեր:

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարտին Գագիկի Հարությունյանի կողմից: