Ճառագայթային թերապիա
23/10/2018 20:51

Ճառագայթային թերապիա

Ի՞նչ է ճառագայթային թերապիան

Ճառագայթային թերապիան բարձր էներգիայով ռենտգեն ճառագայթների կամ այլ մասնիկների օգտագործումն է քաղցկեղային բջիջները ոչնչացնելու նպատակով։ Բժիշկը՝ ով վերահսկում է ճառագայթային թերապիան՝ կոչվում է ճառագայթային ուռուցքաբան։ ճառագայթային բուժման նպատակը առանց մոտակա առողջ հյուսվածքները վնասելու՝ քաղցկեղային բջիջները ոչնչացնելն ու ուռուցքի աճը կանխարգելելն է։ Այն կարող է օգտագործվել քաղցկեղի բուժման այլ տարբերակների հետ համակցված կամ որպես հիմնական բուժում։ Երբեմն ճառագայթային թերապիան օգտագործվում է որպես ախտանշանային բուժում, որը կոչվում է պալիատիվ ճառագայթային թերապիա։ Քաղցկեղով տառապող բոլոր մարդկանց ավելի քան կեսը ստանում է ճառագայթային բուժման որևէ տեսակ։

Որո՞նք են ճառագայթային թերապիայի տեսակները

Ամենահաճախ հանդիպող տեսակը կոչվում է արտաքին փնջով ճառագայթում, որի դեպքում ճառագայթը տրվում է մարմնից դուրս տեղակայված աղբյուրից։ Արտաքին փնջով ճառագայթային թերապիան ընդգրկում է պրոտոնային թերապիան, եռաչափ կոնֆորմալ ճառագայթային թերապիան (3D-CRT), կարգավորվող հաճախականությամբ ճառագայթային թերապիան (IMRT) և ստերեոտակտիկ ճառագայթային թերապիան։ Երբ ճառագայթային թերապիան անցկացվում է օգտագործելով իմպլանտներ, այն կոչվում է կոնտակտային ճառագայթային թերապիա կամ բրախիթերապիա։ Ձեզ նշանակվող ճառագայթային թերապիայի տեսակը կախված է մի շարք տարբեր գործոններից։

Ի՞նչ պետք է ակնկալել ճառագայթային թերապիայի ընթացքում 

Նախքան բուժումը սկսելը Դուք կհանդիպեք ճառագայթային ուռուցքաբանին՝ Ձեր բժշկական պատմությունը վերանայելու և պոտենցիալ ռիսկերն ու առավելությունները քննարկելու համար։ Եթե Դուք համաձայնվում եք ստանալ ճառագայթային թերապիա, Դուք պետք է հետազոտվեք  բուժումը պլանավորելու և արդյունքները գնահատելու համար։

Ճառագայթային բուժման Ձեր առաջին այցը կոչվում է սիմուլյացիա և չի ներառում հիմնական բուժումը։ Այս այցի ընթացքում բժշկական թիմը դիրքավորում է Ձեր մարմինը և ճառագայթային փունջն ուղղում է թիրախավորելով ուռուցքը, որի տեղակայումը մաշկի վրա նշվում է փոքր, կետային, ժամանակավոր կամ մշտական դաջվածքի տեսքով։ Որպես հավելում՝  Ձեր մարմինը ճիշտ դիրքավորելու համար կարող են օգտագործվել հատուկ ամրակներ, վահաններ և անշարժացնող հարմարանքներ։ Բուժումը սկսելուն պես, սովորաբար սիմուլյացիայից մի քանի օր հետո, Ձեր ճառագայթային ուռուցքաբանը կգնահատի շաբաթական առաջընթացը և կկարգավորի բուժման պլանն ըստ ցուցումների։ Ձեր խնամքի ամենալավ տարբերակը ճառագայթային բուժման ընթացքում հոգեբանական աջակցություն ստանալն է և կողմնակի ազդեցությունները նվազագույնի հասցնելը՝ լրացուցիչ հանգստի ժամեր կազմակերպելով, մարմնի համապատասխան հատվածը արևային ճառագայթների ազդեցությունից պաշտպանելով և մաշկային խնդիրները բուժելու համար՝ ըստ ցուցումների նշանակված միջոցներ օգտագործելով։

Որո՞նք են ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունները

Ճառագայթային թերապիայի կողմնակի ազդեցությունները բազմազան են և կախված են քաղցկեղի տեսակից և տեղակայումից, բուժման չափաբաժնից և Ձեր ընդհանուր առողջական վիճակից։ Ձեր առողջապահական թիմի գլխավոր խնդիրներից մեկը կողմնակի ազդեցությունների կանխարգելումն ու կառավարումն է, այնպես որ, խոսեք նրանց հետ Ձեզ մոտ դրսևորվող ցանկացած կողմնակի էֆեկտի մասին։ Կողմնակի ազդեցությունները կարող են ներառել հոգնածություն, չափավոր արտահայտված մաշկային ռեակցիաներ, ստամոքսի խանգարում, աղիքային անկանոն գալարակծկանքներ։ Այս ամենը սովորաբար սկսվում է բուժման երկրորդ կամ երրորդ շաբաթվա ընթացքում և կարող է տևել բուժման ավարտից հետո մի քանի շաբաթ։ Կողմնակի էֆեկտների մեծ մասն անցնում է բուժման ավարտից անմիջապես հետո, բայց որոշ երկարատև կողմնակի էֆեկտներ կարող են հանդիպել բուժման ավարտից ամիսներ և տարիներ անց։ Սա ներառում է անպտղություն (հղիանալու կամ երեխայի հայր դառնալու անկարողությունը), երկրորդային քաղցկեղներ, և շագանակագեղձի քաղցկեղի կապակցությամբ ճառագայթային բուժում ստացող տղամարդկանց դեպքում՝ իմպոտենցիա (էրեկցիայի բացակայությունը)։

Հարցեր, որոնք պետք է տալ առողջապահական թիմին

Կանոնավոր հաղորդակցության ապահովումը կարևոր դեր ունի Ձեր առողջության մասին տեղեկացված որոշումներ կայացնելու հարցում։ Հաշվի՛ առեք Ձեր առողջապահական թիմին հետևյալ հարցերն ուղղելը․

Ի՞նչ տեսակի քաղցկեղ ունեմ ես ու ո՞ր փուլում է այն գտնվում։ Ի՞նչ է դա նշանակում։

Արդյո՞ք ունեմ ճառագայթային բուժման կարիք։ Ո՞ր տեսակն եք ինձ խորհուրդ տալիս։

Ո՞րն է ճառագայթային բուժման նպատակը։

Որքա՞ն հաճախ եմ ես ստանալու ճառագայթային բուժում։

Ինքա՞ն ժամանակ է տևելու յուրաքանչյուր բուժումը։

Արդյո՞ք նույնն են լինելու բոլոր բուժումները։ Փոխվելու՞ են արդյոք ճառագայթման դոզան կամ հատվածը բուժման ընթացքում։

Ի՞նչ կարող եմ ես անել այս բուժմանը նախապատրաստվելու համար։

Կնկարագրե՞ք, թե ինչ կզգամ ճառագայթային բուժում ստանալու ընթացքում։ Ունենալու՞ եմ արդյոք ցավի կամ դիսկոմֆորտի զգացում բուժման ընթացքում։

Ի՞նչ ազդեցություն կունենա այս բուժումն իմ առօրյայի վրա։ Կկարողանա՞մ արդյոք աշխատել, մարզվել և զբաղվել իմ ամենօրյա գործունեությամբ։

Որո՞նք են այս բուժման հավանական կողմնակի ազդեցությունները։ Ի՞նչ է հնարավոր անել դրանց դեմ։

Կազդի՞ արդյոք այս բուժումը հղիանալու կամ երեխաներ ունենալու իմ ունակության վրա։

Կազդի՞ արդյոք այս բուժումը իմ սեռական կյանքի վրա։ Եթե այո, ապա որքա՞ն ժամանակով։

Որո՞նք են տվյալ բուժման հնարավոր երկարատև կողմնակի ազդեցությունները։

Ու՞մ պետք է դիմեմ հարցեր կամ խնդիրներ ունենալու դեպքում։

 

Նյութը վերցված է Ամերիկայի Կլինիկական Ուռուցքաբանության Միության cancer.net կայքից:

Թարգմանվել և ադապտացվել է Մարինե Մանվելի Ռուշանյանի կողմից: