2 տարեկան Թամազին կորցրել է մեկ աչքը հիվանդության պատճառով, երկրորդ աչքը կարող է փրկել Մոսկվայում վիրահատությունը
13/07/2018 14:11

2 տարեկան Թամազին կորցրել է մեկ աչքը հիվանդության պատճառով, երկրորդ աչքը կարող է փրկել Մոսկվայում վիրահատությունը

2 տարեկան Թամազի Կարապետյանը բժիշկներին ու բուժքույրերին ճանաչում է ձայնով ու քայլվածքով։ Լսելով բուժքրոջ  ձայնը՝ նա ձեռքը մեկնում է ու հարցնում, արդյոք  այսօր էլ է արյան անալիզ վերցնելու․ ի տարբերություն բազմաթիվ երեխաների, բուժակարգերի ժամանակ նա գրեթե չի տրտնջում ու չի լացում։  Իսկ լսելով բժշկին՝ բարձրացնում է շապիկը ու ասում. «Բուժիկ (բժիշկ բառի նրա տարբերակը), լսիր փորիկս»։

Թամազին երկկողմանի ռեգինոբլաստոմա ունի՝ աչքի չարորակ ուռուցք։ Նրա ձախ աչքը հեռացրել էին տարեսկզբին, աջը հիմա գրեթե չի տեսնում։ Սակայն կա հավանականություն պահպանել աջ աչքի տեսողությունը՝ գոնե մասամբ, այն վիրահատության շնորհիվ, որը նրան շուտով կանեն Ռուսաստանում։

25-ամյա Քնքուշ Կնյազյանը՝ Թամազիի մայրը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ երբ Թամազին 8 ամսական էր, նրա աչքերը սկսել են տարօրինակ ձևով արցունքոտվել, արտադրությունն ավելի շատ լորձի էր նման, քան արցունքի։ Ծնողները երեխային ցույց են տվել ակնաբույժի, որը բավականին արագ ախտորոշել է երեխային, բայց ասել է, որ Հայաստանում նրան օգնել չեն կարողանա, նրան վիրահատություն է պետք, որը այստեղ չեն անում։

Մինչ տարակուսած ծնողները մտածում էին, թե ինչ անեն, Թամազիի վիճակը վատանում էր՝ նրա ձախ աչքը այտուցվել էր,  դեմքի ձախ կեսը՝ նույնպես։ Ծնողները երեխային տարել էին «Արաբկիր» ԲԿ, որտեղ նրան ևս մեկ անգամ զննել են ու որոշել վիրահատել, ձախ աչքը արդեն հնարավոր չէր փրկել, ու բժիշկները ստիպված են եղել հեռացնել այն։ Աջ աչքը նույնպես ախտահարված էր, բայց դրա բուժման համար քիմիաթերապիա էր պահանջվում ու բարդ վիրահատություն, որը Հայաստանում չեն կարող անել։

Վիրահատությունից որոշ ժամանակ անց Թամազիի համար պատրաստել են աչքի պրոթեզ, որը բավականին նման է նրա իսկական աչքին։ Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ պրոթեզը պետք է փոխել, քանի որ երեխան մեծանում է, ու նրան նոր պրոթեզներ են պետք լինելու, որոնք կհամապատասխանեն նրա տարիքին ու հասակին։ 

Հունվարի 28-ին ծնողները Թամազիին տարել են «Մուրացան» ԲԿ, որտեղ նա սկսել է քիմիաթերապիա ստանալ։ Նրա բուժող բժիշկ Լիլիթ Սարգսյանը NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է, որ երեխան արդեն ստացել է քիմիաթերապիայի 5  ամբողջական կուրս, իսկ մի քանի օր առաջ սկսել են վեցերորդ ու վերջին կուրսը։ Երրորդ կուրսից հետո նրան հսկիչ ՄՌՏ են արել, որը ցույց է տվել , որ նրա աջ աչքում 4 ուռուցքներից 2-ն անհետացել են, իսկ երրորդը ՝ փոքրացել է։ Վերջին ու ամենախոշոր ուռուցքը մոտ 4 մմ է։ 

Քիմիաթերապիայի վեցերորդ կուրսից հետո Թամազիին պետք է նորից հետազոտեն, որպեսզի հասկանան, թե հատկապես ինչ վիրահատություն է նրան պետք ՝ ուռուցքի մնացորդների լազերային հեռացում, թե՞ տեղական ճառագայթման հատուկ տարատեսակ։ Քանի որ այդ երկու վիրահատություններն էլ Հայաստանում չեն կատարվում, երեխան բուժման համար պետք է մեկնի Մոսկվա, Հելմհոլցի անվան ակնաբուժական ինստիտուտ։ Արդեն հուլիսի 21-ին այնտեղ երեխային սպասելու են։

Այդ վիրահատությունները շատ թանկարժեք են ու երիտասարդ ընտանիքը երբեք չէր կարողանա վճարել դրանց համար, բայց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանի միջնորդության շնորհիվ Թամազիին անվճար են վիրահատելու։ Ավելին, մինչև վիահատությունն ու հետվիրահատական շրջանում երեխան ու նրա մայրը ապրելու են հիվանդանոցում, որը նրանց կապահովի բոլոր անհրաժեշտ բաներով, այդ թվում սնունդով։

«Երբ ես իմացա, որ Թամազիին անվճար կվիրահատեն, ես պարզապես չէի հավատում ականջներիս։ Նույնիսկ ուզում էի խնդրել ամուսնուս, որ ինձ կսմթի, որպեսզի հասկանամ, որ քնած չեմ։ Դա մեզ համար իսկական հրաշք է», - պատմել է Քնքուշը։

Թամազիի ընտանիքին մնում է միայն մինչև Մոսկվա ու ետադարձ ուղղությամբ օդանավի տոմսեր գնել, նաև հիվանդանոցում բուժման ընթացքում կարող են անկանխատեսելի ծախսեր առաջանալ՝ հաճախ որոշ դեղեր ծնողները ստիպված են լինում ինքնուրույն գնել, դրա համար էլ երեխայի ընտանիքին աջակցություն է պետք։

Թամազիին ու նրա ընտանիքին օգնել ցանկացողները կարող են ցանկացած գումար փոխանցել նրա բանկային հաշվեհամարին.

ВТБ

AMD – 16004066616800

Ստացող՝  Քնքուշ Կնյազյան

 

Աղբյուրը՝ news.am