Իմ կյանքը օրինակ է բոլորի համար. քաղցկեղը հաղթահարելի է, եթե ընտրեք լինելը
28/06/2018 15:51

Իմ կյանքը օրինակ է բոլորի համար. քաղցկեղը հաղթահարելի է, եթե ընտրեք լինելը

«Առաջին բանը, որ մտածեցի ախտորոշումս իմանալուց հետո այն էր, որ պետք է շտապ նամակ գրել Օքսֆորդ, ասել, որ ես կուշանամ դասերից»,– պատմում է Անին սկայպով՝ Օքսֆորդից, իր լուսավոր սենյակից, ժպիտը դեմքին:

Անի Հայկունին 30 տարեկան էր, երբ թևի հատվածում ցավերի պատճառը հասկանալու համար դիմեց բժշկի: Մի քանի ժամ տևած հետազոտություններն ավարտվեցին ախտորոշմամբ՝ կրծքագեղձի ագրեսիվ  քաղցկեղ:

«Հետաքրքիր է, բայց այդ պահին վախ չէի զգում, հենց այդ րոպեին որոշեցի, որ ոչ մի պարագայում չպետք է մտածեմ վատի մասին, որ սա մի փորձություն է՝ կհաղթահարենք: Բժիշկները նայում էին ինձ՝ երբեք չեմ մոռանա այդ հայացքը: Ցավակցական չէր, ուղղակի մի տեսակ խղճահարություն կար:Նույն օրը՝ տանը, ընտանիքիս անդամների հետ որոշեցինք. մենք ընտրություն չենք կատարելու կյանքի ու մահվան միջև և, առանց րոպե իսկ կորցնելու, զգացմունքների տրվելու անցնելու ենք գործի»,– պատմում է Անին: 

Հայաստանում չարօրակ նորագոյացությունների ամենատարածված տեսակներից է կրծքագեղձի քաղցկեղը: Ամեն տարի Հայաստանում գրանցվում է 1200 նոր դեպք։ Դրանց 1/3-ը հանդիպում է վերարտադրողական տարիքի կանանց մոտ։

Մինչ այս Անին ընդունվել էր բրիտանական հեղինակավոր Օքսֆորդի համալսարան՝ մեծագույն երազանքն իրականություն էր դարձել: Ախտորոշումը լսելուց հետո ամենամեծ վախը հենց կրթության հնարավորությունը ձեռքից բաց թողնելն էր.

«Նամակ գրեցի համալսարան: Դժվարությունները հաղթահարելու ընթացքում ինձ շատ օգնեց Օքսֆորդից ստացված պատասխանը: Նրանք ինձ ասացին, որ պահում են իմ տեղը ու սպասում, որ արդեն առողջացած գնամ սովորելու: Դրանից հետո, անգամ ամենաբարդ թերապիաների ժամանակ, ես ինքս ինձ ասում էի. «դու մի երազանքդ արդեն իրականացրել ես, հիմա հաջորդ փուլն է, ամեն ինչ լավ է լինելու»:

Պնդում է՝ հիվանդության ողջ ընթացքում երբևէ չի մտածել հանձնվելու մասին, որովհետև պարտությունը սկսում է դրա հնարավորությունն ընդունելուց: Իսկ ինքը պարտություն չի ընդունում:

«Ես սովորեցի ապրել քաղցկեղի հետ: Ընտանիքս սովորեց ապրել այդպես: Դա բարդ է, շատ բարդ: Երբեմն քիմիաթերապիայի կուրսերն անտանելի ծանր էին լինում, թվում էր՝ այլևս անհնար է դիմանալ: Բայց սա ինձ համար նաև շատ կարևոր փուլ էր՝ կյանքի արժևորման փուլ, երբ սկսեցի կարևորել այնպիսի բաներ, որոնց նախկինում ուշադրություն չէի դարձրել»,- ասում է Անին:

Հայաստանում մահացությունների 20 տոկոսը կազմում են չարորակ նորագոյացությունների պատճառով մահվան դեպքերը: Քաղցկեղից մահացության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2015 թվականին՝ 6069 դեպք։ Հայաստանում թոքի և կրծքագեղձի քաղցկեղից վաղաժամ մահացությունների ցուցանիշն ամենաբարձրն է տարածաշրջանում։

Ախտորոշումը, սակայն, միակ անակնկալը չէր: Անին հանկարծ հասկացավ, որ աշխարհում ու իր կողքին աներևակայելի ուժեղ և լավ մարդիկ կան: Նրանք պատրաստ էին օգնել՝ ամեն վայրկյան, առանց խնդրանքի:

«Ես հասկացա, որ ինձ բաժին է հասել լավագույն ընտանիքը, բարեկամները, ընկերները… Նրանք համացանցում դրամահավաք ձեռնարկեցին՝ բուժմանս ծախսերը հոգալու համար: Անընդհատ ինչ-որ անակնկալներ և միջոցառումներ էին կազմակերպում՝ ինձ ոգեշնչելու և բուժման ծանր ընթացքը տանելի դարձնելու համար: Նրանցից որևէ մեկը որևէ անգամ հուսալքման նշույլ անգամ չցուցաբերեց: Իրենց վստահությունը և այդքան կարևոր գործնական օգնությունն ինձ ստիպեցին մտածել, որ ես ոչ միայն պետք է պայքարեմ և առողջանամ, այլև իմ կյանքով, իմ օրինակով ինչ-որ բան փոխեմ»,- ասում է Անին:

Մասնագետերը գտնում են, որ Հայաստանում քաղցկեղը երիտասարդացել է: Մինչև 2014 թվականը հիվանդության հայտնաբերման ցուցանիշներն առավել խտացված էին 40-60 տարիքային խմբում: Իսկ վերջին տարիներին վահանաձև քաղցկեղի դեպքերն, օրինակ, առավել հաճախ հայտնաբերում են 20-30 տարեկանների մոտ: Քաղցկեղով հիվանդացության ցուցանիշները կտրուկ աճում են 35 տարեկանից: Երիտասարդների շրջանում չարորակ նորագոյացությունների ավելացումը մասնագետները կապում են սթրեսային իրավիճակների, ծխելու, ալկոհոլի չարաշահման, քաշի ավելացման հետ: Բացի այդ, երիտասարդներն առավել հաճախ են սկսել հետազոտվել:

Բուժման ընթացքում Անին բազմաթիվ տհաճ պահեր է վերապրել և դիտարկումներ կատարել: Ասում է, ոմանք, լսելով քաղցկեղի մասին, շտապում են հիվանդին ցավակցել՝ ինչպես հանգուցյալին: Եվ կան մարդիկ, որոնք ամաչում են բարձրաձայնել իրենց հիվանդության մասին՝ դա ընդունելով որպես խարան:

«Մի անգամ էլ գնացի բանկ՝ ինչ-որ գործարք կատարելու: Երբ հասավ հերթս, և սպասարկող աղջիկը նկատեց, որ ճաղատ եմ, երևի քիմիաթերապիայի հետքերն էլ նկատելի էին, խնդրեց մեկ ուրիշ աշխատողի փոխարինել իրեն: Ես հասկացա, որ մարդիկ սարսափում են քաղցկեղի հետ առերեսման կամայական հնարավորությունից: Ես դրանից չվիրավորվեցի, ուղղակի հասկացա, որ այս խնդրի մասին իրազեկվածության շատ լուրջ պակաս կա, և այն պետք է լրացնել»: 

Քաղցկեղի հետ ապրելը բարդ է, նաև, որովհետև ոլորտում բազմաթիվ բացեր կան: Բուժումը շատ թանկ է: Չնայած, որ որոշ դեղամիջոցներ հիվանդներին տրվում են անվճար, դրանք բավարար չեն ոչ միայն կյանքեր փրկելու, այլև՝ վիճակը մեղմելու համար․

«Քաղցկեղի բուժման գործում ամենակարևորը բուժումը կիսատ չթողնելն է, բայց դա, ցավոք ոչ բոլորին է հասանելի: Կան դեղամիջոցներ, որոնց մեկ սրվակն ավելի քան 800.000 դրամ արժե, իսկ բուժման ընթացքում դրանցից գուցե 10 հատ պետք լինի։ Ես երկու աշխատանք ունեի, որոշակի խնայողություններ, բայց նույնիսկ ինձ շատ արագ պետք եղավ հավելյալ ֆինանսական օգնություն»:

Մտահոգիչ ցուցանիշները հաշվի առնելով՝ 2011թ. ՀՀ կառավարությունը հաստատել է «Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագիրը»: Հենց ըստ դրա՝ 2015 թվականից կանայք կարող են պոլիկլինիկաներում անվճար սքրինինգային հետազոտություն անցնել՝ արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Իսկ 2017-ից պատվաստումներ են իրկանացվում մարդու պապիլոմա վիրուսի դեմ, որն արգանդի պարանոցի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից է:

Բուժման ընթացքում Անիի համար ամենածանրը մարդկային կորուստներն էին․

«Սկսել էի շատ շփվել նույն խնդիրներով մարդկանց հետ։ Մի աղջիկ կար, ում հետ շատ էինք մտերմացել։ Այս երեք տարիների ընթացքում կյանքիս ամենածանր օրն այն էր, երբ իմացա, որ նա այլևս չկա։ Մի պահ կյանքս կանգ առավ․ չէի կարողանում հավատալ, որ այդ պայծառ, ժպտերես աղջիկը, որ այդքան շատ էր ուզում ապրել, այլևս չկա։ Դա սխալ է, շատ սխալ։ Քաղցկեղի դեմ պայքարի մասին վաղուց էի մտածել, բայց հենց այս աղջկա կորուստը դարձավ ազդակ, որ սկսեմ գործել»։

Անին հիմնեց «Անի Հայկունի քաղցկեղի բուժման աջակցության հիմնադրամ»-ը, որն արդեն երկու տարի օգնում է կրծքագեղձի չարորակ նորագոյացություններ ունեցող սոցիալապես անապահով կանանց։ Հիմնադրամն արդեն օգնել է 17 հիվանդի։

Անին ցավում է, որ իր հիմնադրամը դեռևս չի կարողանում ամբողջությամբ փոխհատուցել բուժման ծախսերը, բայց համոզված է, որ անգամ մասնակի ֆինանսական աջակցությունը կարևոր է յուրաքանչյուր հիվանդի համար․

«Անգամ փոքր աջակցությունը հույս է տալիս, օգնում հասկանալ, որ ամեն ինչ կորած չէ։ Այս խնդրին հանդիպող յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա՝ այն օրը, երբ տալիս են ախտորոշումդ, պետք է համոզված լինես, որ հաղթելու ես այս պայքարում, հանձնվելը երբեք տարբերակ չի կարող լինել։ Եթե նույնիսկ կա 1% հնարավորություն՝ առաջ գնա»:

«Ես շատ շնորհակալ եմ իմ հիվանդությանը, որովհետև հիմա ես հասկացել եմ իմ առաքելությունը․ դա մարդկանց օգնելն է: Այն զգացողությունը, երբ տեսնում ես մարդկանց դեմքի ժպիտը, երբ զգում ես, որ մարդկանց կարող ես օգնել ու առավել ևս՝ փրկել նրանց կյանքը, մեծ երջանկություն է, ու դրա համար արժե ապրել»,– ասում է Անին:

Նույն խնդիրներին առերեսվող մարդկանց նա միայն մեկ խորհուրդ ունի՝ երբեք չհանձնվել․

«Ես երբեք չեմ ընտրել լինել-չլինելու միջև: Ես որոշել էի լինել: Եվ իմ կյանքը օրինակ է բոլորի համար. սա հաղթահարելի է, եթե ընտրեք լինելը: Կյանքը հիասքանչ է, այն արժե ապրել: Վախը ոչինչ է, չարժե կյանքի թանկ վայրկյանները ծախսել դրա վրա»։ 

Քաղցկեղների 40 տոկոսը կարելի է կանխարգելել և հաղթահարել: Եվ որքան վաղ փուլում է հայտնաբերվում հիվանդությունը, այնքան մեծանում է դրական արդյունքի հավանականությունը։ Քաղցկեղի ամենաբարդ՝ 3-րդ և 4֊րդ փուլերը Հայաստանում ախտորոշվում են շուրջ 10 տոկոսով ավելի հաճախ, քան նախնական փուլերը։ Սրա հիմնական պատճառը բժշկին ժամանակին չդիմելն է։

Բուժման ընթացքում Անին բազմաթիվ նոր հետաքրքրություններ գտավ։ Սովորեց լուսանկարել, տարվեց գեղանկարչությամբ։ Հայաստանում մի քանի անավարտ կտավ է թողել, բայց չի մտահոգվում: Առջևում մի ամբողջ երկար ու երջանիկ կյանք կա՝ կիսատն ավարտելու, նորերը սկսելու համար:

«Ես չեմ ափսոսում ոչ մի վայրկյանի համար: Դրանցից ամեն մեկն ավելի արժեքավոր է դարձրել հաջորդ վայրկյանը, ավելի իմաստալից: Արժեր անցնել այս ամենի միջով՝ այսօր այստեղ լինելու համար»,– ասում է Անին:

 

Աղբյուրը՝ jam-news.net