25 առասպել կրծքագեղձի քաղցկեղի մասին
02/02/2017 17:45

25 առասպել կրծքագեղձի քաղցկեղի մասին

Պրակտիկորեն ամեն օր հանդիպում եմ հիվանդների, ովքեր վստահ են կրծքագեղձի քաղցկեղին վերաբերող որոշ “փաստերի” ճշմարտության մեջ, որոնք, սակայն, մեծ մասամբ չեն համապատասխանում իրականությանը:

Ներկայացնում եմ հետաքրքիր շարք կրծքագեղձի քաղցկեղի Առասպելերի մասին՝ փորձելով փոխել հանրության պատկերացումը այս հիվանդության մասին:

Առասպել 1. Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում են միայն այն կանայք, ովքեր ունեն նման հիվանդության պատմություն իրենց հարազատների շրջանում:

Ո՛Չ: Կրծքագեղձի քաղցկեղի միայն 10%-ն է զարգանում ժառանգական նախատրամադրվածությամբ պայմանավորված: Ավելին, 70% դեպքերում կանանց շրջանում կարելի է անգամ չգտնել կրծքագեղձի քաղցկեղի հիմնական ռիսկի գործոնների առկայությունը: Միաժամանակ հարկ է նշել, որ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը կրկնապատկվում է, եթե ընտանեկան պատմության մեջ առկա է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ հարազատ (ծնող, քույր, եղբայր, երեխա): Ռիսկը է՛լ ավելի բարձր է, եթե այդպիսիք երկուսն են, օրինակ՝ 2 քույր:

Առասպել 2. Երկաթե բռնակներ ունեցող կրծկալները բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը:

Ո՛Չ: Սա ընդամենը վարկած է, որը, սակայն, մի շարք հետզոտությունների արդյունքում այդպես էլ չի հաստատվել: Այսինքն, չկա որևէ ապացույց, որ սեղմող կրծկալները կամ, առհասարակ, որևէ հագուստ կարող է նպաստել քաղցկեղի զարգացմանը: Միևնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ երկաթե բռնակներով կրծկալները կամ կրծկալի սխալ ընտրած չափը կարող են հանգեցնել կրծքում խրոնիկական ցավի (այս մասին առավել մանրամասն կխոսեմ առաջիկայում):

Առասպել 3. Կրծքագեղձում շոշափվող ցանկացած գոյացություն քաղցկեղ է:

Ո՛Չ: Կրծքագեղձում շոշափվող գոյացությունների 80%-ից ավելին բարորակ է (ֆիբրոզ փոփոխություններ, կիստաներ և այլն): Այնուամենայնիվ, բժիշկները խրախուսում են բժշկի դիմել կրծքագեղձում ցանկացած բան շոշափելիս, քանի որ վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղի լիովին բուժման հավանականությունը մեծ է: Բժշկի ցուցումով կատարվում է կրծքագեղձի ուլտրաձայնային կամ մամոգրաֆիկ հետազոտություն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ բիոպսիա՝ գոյացության բնույթը վերջնականապես որոշելու համար:

Առասպել 4. Վիրահատությունը նպաստում է ուռուցքի տարածմանը:

Ո՛Չ: Կրծքագեղձի վիրահատությունը չի կարող դառնալ քաղցկեղի առաջացման պատճառ կամ հանգեցնել առկա ուռուցքի տարածմանը: Համենայն դեպս, այսօրվա դրությամբ, գիտնականները այդպիսի կապ չեն գտել: Կան հետազոտություններ կենդանիների շրջանում, երբ հիմնական ուռուցքը հեռացնելուց հետո կարճ ժամանակում աճում է արդեն առկա մետաստատիկ օջախների զարգացման տեմպը: Սակայն նման բան չի նկատվել մարդկանց մոտ:

Առասպել 5. Կրծքագեղձի սիլիկոնե իմպլանտները բարձրացնում են քաղցկեղի առաջացման ռիսկը:

Ո՛Չ: Կատարվել են բազմաթիվ հետազոտություններ այս խնդրի շուրջ, և չի հայտնաբերվել որևէ կապ սիլիկոնե իմպլանտների ու կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև: Սակայն պետք է նշել, որ իմպլանտների առկայությունը դժվարացնում է ստանդարտ մամոգրաֆիան, և լրացուցիչ ինֆորմացիայի համար հնարավոր է նաև կրծքագեղձի մագնիս-ռեզոնանսային հետազոտության անհրաժեշտություն:

Առասպել 6. Ամեն 8-րդ կին հիվանդանում է կրծքագեղձի քաղցկեղով:

Հաճախ կարելի է նման ինֆորմացիա հանդիպել հանրային հոդվածներում, երբ լուսաբանվում է խնդրի արդիականությունը և հիվանդության տարածվածությունը: Սակայն մոռացվում է նշել, որ դա հավաքական ռիսկն է: Այսինքն՝ հիվանդության առաջացման ռիսկը մեծանում է տարիքին զուգահեռ: Տարբեր հետազոտությունների տվյալներով մինչև 30-40 տարեկան կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանում է միջինում 250-500 կանանցից 1-ը, իսկ արդեն մինչև 85 տարեկան ապրած կանանց շրջանում ռիսկը չափազանց մեծանում է` միջինում 8-ից 1-ը:

Առասպել 7. Հակաքրտնարտադրության միջոցների օգտագործումը բարձրացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման ռիսկը:

Իրականում այս խնդրի շուրջ կատարվել են հետազոտություններ ԱՄՆ-ում: The American Cancer Society հերքել է կապը հակապերսպերանտների և կրծքագեղձի քաղցկեղի միջև՝ ավելացնելով սակայն, որ նման հետազոտությունները դեռ կշարունակվեն: Բանն այն է, որ մի փոքր հետազոտության ժամանակ կրծքագեղձի ուռուցքի մեջ հայտնաբերվել էին պարաբեններ: Դրանք նյութեր են, որոնք օգտագործվում են հակաքրտնարտադրության միջոցների արտադրության մեջ և ունեն թույլ արտահայտված էստրոգենային (էստրոգեններ՝ կանացի հորմոններ) հատկություն: Խորացված հետազոտությունների արդյունքում դրանց օգտագործումից որևէ վտանգ չեն հայտնաբերել: Ավելին, կասկածի տակ է դրվել պարաբենների՝ ուռուցքում հայտնվելու աղբյուրը: Իրարամերժ արդյունքներով բազմաթիվ հետազոտություններ կան նաև ալյումինում պարունակող հակաքրտինքային միջոցների և կրծքագեղձի քաղցկեղի միջև կապի վերաբերյալ, բայց դեռևս չկա որևէ հստակ պատասխան: Այնուամենայնիվ խրախուսելի չէ օգտագործել այնպիսիք, որոնց բաղադրության մեջ առկա է որևէ երկաթի, և հատկապես ալյումինումի պարունակություն:

Առասպել 8. Մեծ կրծքագեղձ ունեցող կանանց մոտ այդ օրգանի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը բարձր է, և հակառակը:

Իրականում կրծքագեղձի չափերը չունեն որևէ կապ քաղցկեղի առաջացման ռիսկի հետ: Իհարկե, մեծ կուրծքը դժվարացնում է կրծքագեղձի ինքնազննումը և կլինիկական քննությունը բժշկի կողմից, երբեմն դժվարացնում է անգամ մամոգրաֆիկ կամ մագնիս-ռեզոնանսային հետազոտությունը, բայց ոչ ավելին: Սակայն, միաժամանակ պետք է նշեմ նաև, որ չափազանց փոքր կուրծքը ևս դժվարացնում է մամոգրաֆիկ հետազոտության ընթացքը: Բոլոր կանանց պրոֆիլակտիկ հետազոտությունների ժամանակացույցը կազմվում է առանց կրծքագեղձի չափերը հաշվի առնելու:

Առասպել 9. Կրծքագեղձի քաղցկեղը հայտնվում է կրծքում միայն շոշափվող գոյացության տեսքով: Քննարկումից առաջ հիշեցնեմ, որ կրծքագեղձում շոշափվող գոյացությունների մեծ մասը բարորակ է:
Այո, մեծամասամբ քաղցկեղը հայտնվում է գոյացության տեսքով, սակայն կարող է ոչինչ չշոշափվել, և հիվանդությունը կարող է ի հայտ գալ, օրինակ` մաշկի այտուցով, մաշկի ծածանք - կարմրությամբ, մաշկի փոփոխությամբ` “լիմոնի կեղևի” տեսքով, պտուկի հաստացմամբ կամ թեփոտմամբ, պտուկի ներքաշվածությամբ, պտուկից առատ արտադրությամբ: Հազվադեպ, բայց պատահում են դեպքեր, երբ կրծքագեղձի առաջնային քաղցկեղը հայտնվում է անութափոսի (թևատակի) ավշային հանգույցների ախտահարմամբ: Այսինքն՝ հայտնաբերվում են զգալի մեծացած ավշային հանգույցներ, սակայն կրծքում ոչինչ չի հայտնաբերվում: Սա կոչվում է օկկուլտ քաղցկեղ:

Առասպել 10. Կուրծքը ամբողջովին հեռացնելուց հետո այլևս հնարավոր չէ քաղցկեղի տեղային զարգացումը:

Իրականում փոքր հավանականությամբ, բայց կուրծքը հեռացվելուց հետո կրծքագեղձի քաղցկեղը կարող է հայտնվել հետվիրահատական սպիի շրջանում հիվանդության կրկնության կամ տարածվածության տեսքով, իսկ շատ հազվադեպ՝ կրծքագեղձի մնացորդային ու չհեռացված հյուսվածքից՝ որպես առաջնային, այսինքն` նոր ուռուցք: Նման բան հանդիպում է (մոտ 5% դեպքերում) BRCA1 և BRCA2 գեների մուտացիայով պայմանավորված պրոֆիլակտիկ կրծքագեղձերի հեռացումից հետո: Հիշեցնենք, որ այս գեների մուտացիայի առկայության դեպքում բավական բարձր է կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Առասպել 11. Հայրական կողմից քաղցկեղով հիվանդ հարազատ ունենալը չի ազդում կրծքագեղձի քաղցկեղի ռիսկի գործոնի վրա:

Իրականում ռիսկի գործոնը մեծանում է նաև, եթե կնոջ հայրն է տառապել կրծքի քաղցկեղով (այո, նաև տղամարդկանց մոտ է հանդիպում կրծքագեղձի քաղցկեղ, բայց համեմատաբար ավելի հազվադեպ): Սակայն առավել մեծ ուշադրություն է պետք դարձնել հայրական կողմում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կին-հարազատներ ունենալու հանգամանքին: Կա նաև ինֆորմացիա, որ այս հիվանդության ընտանեկան նախատրամադրվածությունը մեծանում է, եթե հայրական կողմի տղամարդկանց մոտ հանդիպել է շագանակագեղձի կամ հաստ աղիքի քաղցկեղ, բայց երիտասարդ տարիքում:

Առասպել 12. Կոֆեինը նպաստում է կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը:

Ո՛չ: Գիտնականները չեն գտել որևէ պատճառահետևանքային կապ սննդային կոֆեինի և կրծքագեղձի քաղցկեղի զարգացման միջև: Ավելին, կան որոշ հետազոտություններ, որ կոֆեինը չնչին մակարդակով, բայց իջեցնում է այդ հիվանդության ռիսկը: Վերջերս գրականությունում սկսել են կասկածի տակ դնել այն տարածված միտքը՝ իբր կոֆեինը նպաստում է կրծքագեղձի ցավին:

Առասպել 13: Եթե կինն ունի կրծքագեղձի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ, ապա դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ:

Ո՛չ իհարկե: Կինը շատ բան կարող է անել: Օրինակ՝ իջեցնել քաշը, եթե գեր է, կանոնավոր կատարել մարմնամարզություններ, հաճախել լողի, հրաժարվել ալկոհոլային խմիչքներից կամ նվազեցնել օգտագործումը, պարբերաբար հետազոտվել, ինչպես նաև կանոնավոր կատարել ինքնազննում: Ցանկալի է նաև ծխախոտից հրաժարվելը:

Որոշ դեպքերում՝ շատ բարձր ռիսկի ժամանակ, պրոֆիլակտիկ նկատառումներով բժշկի հսկողության տակ կարելի է օգտագործել որոշ դեղամիջոցներ: Արևմտյան երկրներում քննարկում են նաև կրծքագեղձերի պրոֆիլակտիկ ենթամաշկային հեռացումը:

Առասպել 14. Օջախային մաստոպատիան (կրծքագեղձում շոշափվող ֆիբրոզ-կիստոզ փոփոխությունները) անպայման համարվում է նախաքաղցկեղային հիվանդություն:

Նախկինում համարվում էր, որ օջախային մաստոպատիան քաղցկեղի վերածվելու շատ բարձր ռիսկ ունի, սակայն հետագայում հետազոտություններն ապացուցեցին, որ այդ միտքը շատ չափազանցված է: Հետևաբար կրծքագեղձում ինքնազննման ժամանակ հաճախ շոշափվող կոշտուկները կարող են անհիմն անհանգստության առիթ լինել: Պետք չէ ժամանակից շուտ խուճապի մատնվել, բայց ՀԱՐԿԱՎՈՐ Է ՊԱՐՏԱԴԻՐ դիմել կրծքագեղձի մասնագետի կամ կատարել կրծքագեղձի մամոգրաֆիկ կամ ուլտրաձայնային հետազոտություն:

Առասպել 15. Ամենամյա մամոգրաֆիան այնքան է ճառագայթում, որ դա կարող է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

Ո՛չ: Չնայած այն փաստին, որ ռադիացիոն ճառագայթը բարձրացնում է քաղցկեղի զարգացման ռիսկը, ճառագայթի այն չափը, որը կիրառվում է մամոգրաֆիկ քննության ժամանակ, ծայրահեղ չնչին է այդ հետազոտման պրոֆիլակտիկ օգտակարության համեմատ: Մամոգրաֆիան կարող է հայտնաբերել վտանգավոր հիվանդությունը դեռ չշոշափվող փուլում, ինչը շատերի մոտ զգալի բարձրացնում է լիովին բուժվելու հավանականությունը:

Առասպել 16. Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում բիոպսիան (բարակ կամ հաստասեղային ճանապարհով ուռուցքի նմուշի ստացումը) կարող է նպաստել ուռուցքի տարածմանը:

Իրականում չկա որևէ ապացույց դրա մասին:

Դեռևս 2004 թվականին ամերիկացի գիտնականների լայնածավալ հետազոտության արդյունքում ապացուցվեց, որ բիոպսիայի ենթարկված հիվանդների մոտ չի բարձրանում ուռուցքի տարածման ռիսկը (թե՛ տեղային, թե՛ դեպի հեռակա օրգաններ)՝ ի տարբերություն հիվանդների, որոնց դեպքում չի կատարվել այդ միջամտությունը:

Առասպել 17. Սիրտ-անոթային հիվանդություններից հետո կրծքագեղձի քաղցկեղը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ որպես մահացության պատճառ:

Իրականում կրծքագեղձի քաղցկեղից մահացության ցուցանիշը որոշ երկրներում, հատկապես զարգացած երկրներում (Անգլիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Դանիա, Հունգարիա) ունի իջնելու միտում: Օրինակ ԱՄՆ-ում այդ հիվանդությունից մահացության ցուցանիշը իջնում է տարեկան 1.7%-ով: ԱՄՆ-ն այդ հիվանդության պատճառով տարեկան կորցնում է մոտ 40000 կին: Իսկ այդ երկրում դժբախտ պատահարներից մահանում է 96000 կին, թոքի քաղցկեղից՝ 71000, խրոնիկական ռեսպիրատոր հիվանդություններից՝ 67000:

Առասպել 18. Եթե մամոգրաֆիկ քննությամբ կրծքագեղձում չի հայտնաբերվել քաղցկեղային գոյացություն, այլևս անհանգստանալու և բժշկի մոտ հետազոտվելու կարիք չկա:

Չնայած մամոգրաֆիկ քննության բարձր արդյունավետությանը՝ կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերումը կարող է բաց թողնվել անգամ 10%-ից ավելի դեպքերում: Դրա պատճառները տարբեր են՝ քաղցկեղի տեսակը, նրա կլինիկական դրսևորումը, տեղակայումը կրծքագեղձում և այլն: Ահա, թե ինչու է կարևոր ստուգումը անցկացնել համալիր ձևով, որի մեջ անպայման պետք է ընդգրկվեն ինքնազննումը, մասնագետ - մամոլոգի զննումը և այդ ամենի կանոնավոր պարբերականությունը:

Առասպել 19. Եթե կինը կրծքով կերակրելու ընթացքում ունեցել է կրծքագեղձի քաղցկեղ, ապա նրա կաթը վնասել է նորածնին:

Ոչ իհարկե: Հաճախ այս հարցը ինձ ուղղում են երիտասարդ պացիենտները, որոնց մոտ գոյացությունը հայտնաբերվել է կերակրելու ընթացքում: Նույնիսկ այդ դեպքերում մայրական կաթը լիովին անվնաս է երեխայի համար, եթե իհարկե այդ ընթացքում մայրը չի ստանում հակաուռուցքային քիմիոթերապիա կամ հորմոնոթերապիա: Որպես կանոն, սպեցիֆիկ բուժումը սկսելուց առաջ բժիշկը խորհուրդ է տալիս դադարեցնել կրծքով կերակրելը:

Առասպել 20. Կրծքագեղձի ամբողջական հեռացումը բարձրացնում է լիովին բուժվելու հավանականությունը՝ ի տարբերություն կրծքագեղձից միայն գոյացության լայնակի հեռացման՝ հետվիրահատական ճառագայթային բուժման հետ միասին:

Բազմաթիվ հետազոտությունների արդյունքում արդեն վաղուց ապացուցվել է, որ եթե կրծքագեղձից հեռացվում է միայն ուռուցքը (առողջ հյուսվածքների սահմանում), և այնուհետև կատարվում է ճառագայթային բուժում, ապա բուժման արդյունքները նույնն են, ինչ սպասվում է կրծքագեղձի ամբողջական հեռացումից հետո: Միաժամանակ կարևոր եմ համարում նշել, որ կան ուռուցքի տեսակներ, որոնց դեպքում կրծքագեղձի ամբողջական հեռացումը գերադասելի է:

Առասպել 21. Կա թյուր կարծիք՝ իբրև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը նորմալ քաշ ունեցող և ծանրաքաշ կանանց մոտ հավասար է:

Իրականում գեր կանանց մոտ ավելի մեծ է կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը, մանավանդ եթե կինը գիրացել է դաշտանադադարի ձևավորման ընթացքում կամ դրանից հետո: Հետևե՛ք Ձեր քաշին:

Առասպել 22. Կա կարծիք՝ իբր անպտղության դեմ երկարատև բուժումը մեծ հավանականությամբ կհանգեցնի կրծքագեղձի քաղցկեղի առաջացման:

Այս ենթադրության համար հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ անպտղության բուժման մեջ կիրառվում է կանացի հորմոն էստրոգենը: Այդ իսկ պատճառով կատարվել են բազմաթիվ հետազոտություններ այս ոլորտում, սակայն այդ կապն ապացուցել չի հաջողվել: Միայն մի փոքր ռիսկ է նկատվել այն կանանց շրջանում, ովքեր սկսում են էքստրակորպորալ բեղմնավորման փորձերը մինչև 24 տարեկանը: Այս ոլորտում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկերի գիտական ուսումնասիրությունները շարունակվում են:

Առասպել 23. Կա կարծիք՝ իբրև կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը բարձր է այն կանանց շրջանում, որոնց բնակության վայրը մոտ է բարձր լարում ունեցող էլեկտրակայաններին կամ լարանցումներին:

Մի քանի ծավալուն հետազոտություններ՝ անցկացված ԱՄՆ-ում, հերքել են այդ կարծիքը՝ չգտնելով որևէ կապ դրանց միջև:

Առասպել 24. Հղիության արհեստական ընդհատումները հանգեցնում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացմանը:

Այսպիսի հայտարարությամբ հաճախ հանդես են գալիս այն կազմակերպությունները, որոնք պայքարում են հղիության արհեստական ընդհատման դեմ: Անգամ դատական ատյաններում վերոնշյալ կապն ապացուցելու փորձեր են արվել: Սակայն բազմաթիվ լուրջ հետազոտություններ չեն կարողացել գտնել պատճառահետևանքային կապ հղիության արհեստական ընդհատման և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման միջև: Այս միջազգային կոնսենսուսի հետ համաձայն են մի շարք հեղինակավոր բժշկական կառույցներ, որոնց թվում են Առողջապաhության համաշխարհային կազմակերպությունը, Ամերիկյան ուռուցքաբանական միությունը, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի մի շարք հեղինակավոր կազմակերպություններ:

Առասպել 25. Կրծքագեղձի քաղցկեղը հնարավոր է ամբողջովին կանխարգելել:

Ցավոք, ոչ: Իհարկե, կարելի է որոշել և նշել ռիսկի գործոնները (օրինակ՝ ընտանեկան պատմություն, գենային մուտացիաներ), փոխել կենսաձևը (ալկոհոլի և ծխախոտի օգտագործման նվազեցում, քաշի նվազեցում, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն), ինչը կիջեցնի կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ կանանց գրեթե 70%-ի մոտ չի հայտնաբերվում որևէ ռիսկի գործոն: Սա նշանակում է, որ հիվանդությունը կարող է առաջանալ հանկարծակի, սպոնտան և դեռևս անհայտ պատճառներով:

Առո՛ղջ եղեք

Հեղինակ՝ բժիշկ-ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը:

Կոնտակտային համարներ՝ 091-32-45-25 կամ 010-28-71-52:

Միացեք նաև իր ֆեյսբուքյան պաշտոնական խմբին` https://www.facebook.com/groups/813234105424530/:

Այս տեղեկատվությունն ուղղված է համալրելու ձեր ընդհանուր գիտելիքները այս խնդրի մասին: